
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվելու է ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր»,- Սինգապուրի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի երևանյան նիստի շրջանակներում Սինգապուրի հետ ԵԱՏՄ և նրա անդամ պետությունները կստորագրեն համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր և ազատ առևտրի մասին համաձայնագիր»։
Կառավարության ղեկավարի խոսքով, Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ նախագահող երկիր, զգալի ջանքեր է գործադրել ԵԱՏՄ արտաքին կապերի աշխարհագրությունը ընդլայնելու ուղղությամբ, և Սինգապուրը եղել է Հայաստանի ուշադրության կենտրոնում:

Հայաստանը Սինգապուրի համար համախոհ և կարևոր գործընկեր է ԵԱՏՄ-ում, Երևանում Հայաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Սիգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը:
«Առաջին հայացքից մեր երկրները շատ տարբեր են, բայց ընդհանրություններ ունենք՝ որպես փոքրիկ պետություններ, որոնք ձգտում են դարպաս ծառայել մեր տարածաշրջաններում»,-ասաց Սինգապուրի վարչապետը։
Հայ-սինգապուրյան տնտեսական կապերը գնալով ամրապնդվում են։ Այս պահին Հայաստանի և Սինգապուրի միջև առևտրաշրջանառության ծավալը բավական փոքր է․ սակայն, առաջիկայում այն մեծացնելու հնարավորություններ կան։
«Կառավարությունները չեն կարող բիզնեսներին թելադրել որևէ տեղ ներդրում կատարել, կառավարությունների դերն է անել առավելագույնը, որ փոխադարձաբար ներդրումները լինեն ձեռնտու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այս նոր պայմանագրով, որը պետք է ստորագրվի, ապա`վավերացվի, բացարձակապես նոր հնարավորություններ ենք ստեղծում և՛ Սինգապուրի, և՛ Հայաստանի բիզնեսի համար, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքի բիզնեսի համար»։
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուի խոսքով`ազատ առևտրի համաձայնագիրը էական արդյունք կունենա:

«Համաձայնագիրը կնվազեցնի առևտրի սակագնային խոչընդոտները, որպեսզի շուկան ավելի հասանելի դառնա ոչ միայն ապրանքների, այլ նաև`ծառայությունների գործունեության համար: Հուսով եմ, որ ծավալները կավելանան, երկուստեք կապերը կամրապնդվեն և դա մեզ հնաավություն կտա ավելին անել միասին»,-ասաց Սինգապուրի վարչապետը:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ու Սինգապուրը պետք է համագործակցեն, այստեղ հսկայական պոտենցիալ կա, նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր փոխադարձ ջանքերով կկարողանանք կրճատել այն տարածությունը, որ գոյություն ունի Սիգապուրի և Հայաստանի միջև»,- նշեց Փաշինյանը։
Սիգապուրի վարչապետ Սյեն Լունն էլ իր հերթին ասաց, թե որպես պետություններ Հայաստանն ու Սիգապուրը խորը շահ ունեն համագործակցելու:




