
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություն է տարածել դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ։
«Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ երեկ տեղի ունեցածն անթույլատրելի է», հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։
Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձր արժեք է։
Մարդու արժանապատվությունն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է:
Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ»,- գրված է հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։
Կատարվում է հետաքննություն։
Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։
«Մեղավորները անպատիժ չեն մնա»,- գրել էր պատգամավորը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ իր հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորել։




