ԿարևորՀասարակություն

Սնուցեք հեռախոսը՝ առանց լարի. հայ երիտասարդների գյուտը

Գայանե Խաչատուրյան
«Ռադիոլուր»

Կարո՞ղ եք որևէ գյուտ անել և մեկ ամսվա ընթացքում կյանք տալ այդ գյուտին։ Տղաները, որոնց  ներկայացնում եմ, գտել են  հեռախոսներ  և տարատեսակ այլ սարքեր սնուցելու անլար տարբերակ։

Ես իմ հեռախոսի հետ, ինչպես շատերը, անցկացնում եմ  իմ օրվա գրեթե մեծ մասը։ Աշխատանքից հետո, օրվա վերջում, արդեն հանգստի ժամին պարզում եմ, որ հեռախոսի մարտկոցը լիցքաթափվել է. երաժշտություն էլ չեմ կարող լսել, ավելին` արդեն անհասանելի եմ։

Երկրորդ քայլս սնուցման լար փնտրելն է և երկրորդ հիասթափությունս. ես լար չունեմ։ Դրա հետ մեկտեղ նաև արդեն տրամադրություն։

Այլևս  այլ բանի մասին մտածելն ավելորդ է, մնում է հասնել տուն։ Ես հասա տուն, բայց ոչ մեր։ Ես ծրագրավորող Հայկազ Եսայանի հյուրն եմ։ Հայկազն ընկերոջ հետ աշխատում է տանը և ընդամենը մեկ ամսվա ընթացքում, կարելի է ասել, գրեթե իրականացրել է իր առջև դրված խնդիրները։

Ինձ պես շատերն են այս խնդրի հետ առնչվում և միայն քչերն են, որ այն լուծելու համար քայլեր են անում։ Հայկազն այս` իմ անցած ճանապարհով անցնելուց հետո, որոշել է գտնել իր համար հարմար տարբերակ։

«Սրճարանում խնդրեցի լիցքավորել հեռախոսս, ասացին, որ  կարող են, բայց հարևան սենյակում։ Այդ պահին մտածեցի,թե ինչու՞ չեմ կարող լիցքավորել հեռախոսս իմ ներկայությամբ»,- ասում է Հայկազ Եսայանն ու շարունակում ցույց տալ իր գյուտը։

Այսօր արդեն հստակ է. կարող է։ Ընկերոջ ` Հայկ Քոչարյանի հետ որոշեցին և հայի միտքը աշխատեց։

Հայկազը պատմեց իր մտահղացման մասին ընկերոջն ու միասին սկսեցին աշխատել։ Աշխարհի  տարբեր երկրներում կան լիցքավորման ավանդական տարբերակներ, մեր տղաների տարբերակը լավագույնն է, նախադեպը չունի։

Նրանք գտել են լիցքավորման իրենց ձևը` առանց լարերի։

«Մտահաղացումը Հայկազինն է։ Այո աշխարհում բազում տարբերակներ կան, բայց մերն ուրիշ է։ Մեր սարքի մեջ լար չի մտնում և ավելին, դուրս էլ չի գալիս։ Նաև մտածել ենք լարով սնուցման մասին։ Պատրաստվում ենք այս տարբերակն առաջարկել սրճարաններին նաև այլ ընկերությունների։ Այս տարբերակը միանգամից մի քանի գործողության համար է նախատեսված։ Ունենք ծրագիր, որի միջոցով ցանկացողը կարող է գտնել, թե որ սրճարանում կա մեր սարքը»,- ասում  Հայկը:

Հարցին, թե միայն սմարթֆոնների համար է այս տարբերակն աշխատում, Հայկազ Եսայանը պատասխանում է.

«Ոչ միայն, կարող են  լիցքավորել ցանկացած սարք։ Ավելին, մեկ ամսից կունենանք նաև հեռախոսների համար նախատեսված բարակ թիթեղանման, բարակ, անվնաս  դետալներ, որոնք կտեղադրվեն հեռախոսների պատյանների տակ։ Դրանք կօգնեն լարերից ազատվել»։

Մեկ ամիս. արդյունքին հասնելու համար ընդհամենը մեկ ամիս պետք եղավ։ Հայկազն ասում է, որ մարտկոցը լիցքավորելը շատ հեշտ է լինելու. ընդամենը երեք քայլ։

Փաստորեն, հեռախոսի լիցքաթափված մարտկոցը սնուցելու համար, ընդամենը երեք քայլ է պետք. ներբեռնել ծրագիրը, գտնել ամենամոտ համապատասխան սարքը և հեշտությամբ, նաև առանց լարի, լիցքավորել հեռախոսը։ 

Եթե դուք ունեք IQ, ուրեմն ունեք հնարավորություն QI -ի օգնությամբ հեռախոսը  նաև  առանց լարի լիցքավորելու։ Այս հնարավորությունը   մեր երիտասարդ  հայ տղաների, ծրագրավորողներ` Հայկազ Եսայանի և Հայկ Քոչարյանի  մտքի արդյունք  է։

Դե իսկ ես այս տարբերակն ունենալով, արդեն կարող եմ հասանելի լինել, ավելին նաև երաժշտություն վայելել։ Եվ, վերջապես, եթե հեռախոսների մարտկոցները խոսելու հնարավորություն ունենային, ինձ պես, տղաներից անպայման, իրենց անլար գյուտի համար, շնորհակալ կլինեին։ 

Կարդացեք նաև

Back to top button