
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Սեպտեմբերի 28-ին Հայաստան է ժամանելու Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն: Նա հոկտեմբերի 1-ին մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր ստորագրել։
Լի Սյան Լուի Հայաստան ժամանելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի վարչապետի՝ ամռանը Սինգապուր կատարած այցի ընթացքում:
«Հարմարավետ ու ապահով». այնտեղ բնակվող հայերն այսպես են բնութագրում Սինգապուրը։ Այն ոչ թե քաղաք-պետություն է, այլ՝ կորպորացիա, որն ունի 5 մլն բնակչություն,-ասում են տեղացիները։ Այստեղ գալիս են բոլորը, սակայն, բնակվում են միայն աշխատել ցանկացողները:
Արկածներ փնտրողներին խորհուրդ չի տրվում ապրել Սինգապուրում՝ Հայաստանից Սինգապուր մեկնած զրուցակիցներս են փաստում: Ասյա Մարգարյանը 14 տարի է, որ այստեղ է բնակվում, մեկնեց սովորելու ու մնաց, պարուսույց է:

«Փոքրիկ կղզի, միշտ ամառ, անվտանգ, խիստ երկիր է, կանոններին հետևել՝ չաղտոտել, պատերին չգրել, չարաճճիություն չանել, հատուկ վայրերում ծխել, մաստակ չի վաճառվում: Ալկոհոլ հնարավոր է գնել մինչև ժամը 22.00: Սիգարետ մինչև 18 տարեկաններին չեն վաճառում»։
Աննա Թանթուշյանն էլ արդեն հինգ տարի է ապրում այնտեղ: Մեկնեց Սինգապուրի ազգային համալսարանում սովորելու ու մնաց: Հայտնի «չի կարելիներն» է թվարկում.
«Չծխել, չխմել դրսում տասից հետո: Տեսախցիկներ կան ամենուր, որոնք նկարում են, տուգանքները տարբեր չափերի են։
Սինգապուրի խանութներում մաստակ հնարավոր չէ գտնել: Այստեղ պարզապես արգելված է ծամոնի վաճառքը: Կան դրան փոխարինիչներ միայն: Քաղաք-պետությունում տրանսպորտը գերբեռնված չէ, չի ուշանում, փողոցները մաքուր են, աղբ չես տեսնի: Սինգապուրում աջակողմյան երթեւեկություն է.
«Առավոտյան, երբ դուրս ես գալիս աշխատանքի, գիտես, ժամը քանիսին ես գնալու, տեղ հասնելու: Քանիսին է ավտոբուսը կամ մետրոն գալու: Երբեք չի ուշանում: Ամեն ինչ արված է, որ հարմարավետ զգաս քեզ: Այդ առումով Հայաստանի հետ համեմատելի չէ»:
Սինգապուրում բնակվում են չինացիներ, հնդիկներ, մալազիացիներ, նաև՝ հայեր: Մշակութային տարբերություններն ակնհայտ են՝ ասում են զրուցակիցներս. «Սինգապուրը շատ գեղեցիկ ձևով կարողացել է այդ ամեն ինչը համադրել: Ստեղծել միջավայր, որտեղից երբեք չես հոգնի»:
Մի առանձնահատկություն էլ կա՝ նույն ազգության ներկայացուցիչները նույն շենքում բնակարան չեն կարող վարձել: Բնակարան գնելն այստեղ շատ բարդ է, գինն էլ՝ շատ թանկ: «Շատ այգիներ կան, կանաչ է, Արմենիան Սթրիթի բրա թանգարաններ կան»:

Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին քաղաքի առաջին շենքն է, որն ունեցել է էլեկտրաէներգիա: Փողոցն այժմ «Արմենիան սթրիթ» է կոչվում: Հայերն այս քաղաք-պետության զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել: Այստեղ բոլորն են հիշում հայազգի ծաղկաբույծ Ագնես Հովակինին: Նա է հայտնաբերել Սինգապուրի պետական խորհրդանիշ համարվող խոլորձի տեսակը։ Տեսարժան վայրերը շատ են:

Սինգապուրի հայ համայնքը փոքր է՝ կեսը Հայաստանից մեկնած հայրեր են, մյուսները՝ Ավստրալիայի, Կանադայի հայերը: Սինգապուրում բոլորը պետք է աշխատեն՝ ասում է Գևորգ Սարգսյանը:

Կրթություն եւ թափանցիկ մենեջմենթ. Սինգապուրյան հրաշքի գաղտնիքը՝ ըստ զրուցակցիս:
Հայաստանը Սինգապուրի գործարարներին չի հետաքրքրում, մեր շուկան փոքր է, ասում է Սինգապուրի հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Պիեր Հենեսը:

Հայաստանի ու Սինգապուրի միջև տնտեսական հարաբերություններն այնքան էլ զարգացած չեն: Էկոնոմիկայի նախարարության՝ «Ռադիոլուր»-ին փոխանցած տվյալների համաձայն, ՀՀ առևտրաշրջանառությունը Սինգապուրի հետ 2018 թվականին կազմել է 2.2 մլն ԱՄՆ դոլար, այն 2017-ի համեմատ նվազել է 51.1տոկոսով: 2018-ին ՀՀ-ից արտահանումը կազմել է 0.7 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ այն նվազել է 51 տոկոսով:
2018-ին Սինգապուրից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 1,53 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 50,8 տոկոսով:
2018-ին ՀՀ-ից Սինգապուր է արտահանվել հիմնականում թարմ միրգ՝ բալ, ծիրան, կեռաս, թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված ժամացույցներ, անմշակ ալյումին: Սինգապուրից Հայաստան է ներկրվել նավթ և նավթամթերք, համակարգիչներ, ոսկերչական իրեր, օպտիկական մանրադիտակներ, մարտկոցներ, օրթոպեդիկ հարմարանքներ:




