
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Առաջիկա կիրակի օրը ՏԻՄ ընտրություններ են, որտեղ կին թեկնածուներն առաջադրվել են միայն ավագանու անդամի ազատ տեղերի համար, իսկ համայնքի ղեկավարի կին թեկնածու չկա: Կանանց առաջադրմանը խանգարում են կարծրատիպերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարիների ընթացքում ՏԻՄ-ընտրություններում կանանց թիվն ավելացել է, բայց վերջին 3 տարում համայնքների խոշորացումից հետո՝ նվազել:

ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցությունը 2002թ-ից մինչև 2016թ գրեթե կրկնակի ավելացել է՝ սա տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից արված հետազոտություններ են: Նշված տարիների ընթացքում կանայք հիմնականում իրենց թեկնածությունն առաջադրել են ավագանու անդամի ընտրություններին: WomenNet.am կայքի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը նշում է, որ ՏԻՄ-երում կանանց առաջադրմանը խանգարում են կարծրատիպերը:
«Եթե քաղաքային համայնքներում կանանց չառաջադրվելն ավելի շատ կապված է, որ իրենք բացարձակ մրցունակ չեն տղամարդկանց հետ և ռիսկի չեն դիմում, չեն դնում, ապա գյուղական համայնքներում դա հիմնականում կարծրատիպային մոտեցումներ են, որոնք միշտ չէ, որ հանրության կողմից խրախուսվում է կնոջ ակտիվությունը: Դա այնպիսի ուժեղ կին պետք է լինի, գուցե իր ընտանիքի կողմից աջակցություն ունենա և դրսևորի իր լիդերական հատկությունները»:
Կանանց ներգրավվածությունը բարձրացել է տարբեր դասընթացների միջոցով, որտեղ կարևորվել են կնոջ լիդերային հատկանիշները և ճիշտ կառավարման սկզբունքները: 14 տարվա աշխատանքի ձեռքբերումները սակայն կորում են համայնքների խոշորացման արդյունքում:
«Անցած ընտրություններում, որտեղ խոշորացվել են համայնքները, կանանց մասնակցությունը պակասել է առնվազն 2-3 անգամ, միայն մի համայնք է եղել, որտեղ կանանց թիվն ավելացել է»:

Առաջիկա կիրակի օրը 7 մարզի 19 համայնքում ՏԻՄ ընտրություններ են, որից 13-ում՝ համայնքի ղեկավարի, իսկ 6-ում՝ ավագանու անդամի: Համայնքի ղեկավարի կին թեկնածու չի առաջադրվել, 40 թեկնածուն էլ տղամարդիկ են, իսկ ավագանու անդամի համար միայն 4 համայնքում է առաջադրվել, որից ամենաշատը Արարատի մարզի Արտաշատ համայնքում՝ 7 կին թեկնածու, Արևաբույրում՝ 2-ը, Տավուշի մարզի Սարիգյուղում՝ 3-ը, Լոռու մարզի Չկալով համայնքում՝ 2-ը: Արմավիրի մարզի 5 համայնքում գրանցված կին թեկնածուներ չկան՝ համայնքի ղեկավարի ընտրություններին ընդհանրապես չեն առաջադրվել, իսկ Եղեգնուտի ավագանու արտահերթ ընտրություններին 17 թեկնածուի թվում 2-ը կին էր:
Համայնքի բույժքույր Լեյլի Մարտիրոսյանն ու դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Մանե Աբրահամյանը ինքնաառաջադրվել էին և մինչև գրանցումը հետ վերցրել դիմումները: Ինչն է պատճառը, Լեյլի Մարտիրոսյանը պարզաբանում է.
«Սկզբում ուզեցի, որ դնեմ, հետո մտածեցի, որ իմ աշխատանքի հետ չեմ հասցնի, դրա համար էլ հանեցի, մտածեցի, որ էս պահին ինձ պետք չէր»:
Տիկին Լեյլին 32 տարի Եղեգնուտ համայնքի բուժքույրն է, վստահ էր, որ թեկնածությունը պաշտպանելու դեպքում կընտրվեր համայնքի ավագանու անդամ: Ռադիոլուրի հարցին՝ ճնշումների ներքո է հանել, ասաց՝ ոչ: Առաջադրվելու նպատակը նախկին համայնքի ղեկավարի կիսատ թողած ծրագրերի կյանքի կոչումն էր, որն ըստ Լեյլի Մարտիրոսյանի անտեսվեց վերջին մեկ տարվա իշխանական փոփոխություններից հետո:
Եղեգնուտում նախկին համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը ճնշումների ներքո վաղաժամկետ վայր էր դրել լիազորությունները, որի պատճառով ավագանին բոյկոտել էր նիստերը և սահմանված կարգով լուծարվել: Այժմ ավագանու անդամի 7 տեղի համար գրանցվել է 13 թեկնածու: Հաջորդ կին թեկնածուն՝ Մանե Աբրահամյանն էր, նա առաջադրվելու հաջորդ օրն անմիջապես հետ է վերցրել փաստաթղթերը:

«Անձնական պատճառներ կար, որոնցից ելնելով ես հետ վերցրեցի, ուրիշ հարցեր կային»:
Մանեն աշխատանքի բերումով ակտիվ երիտասարդ է և մասնակցում է տարբեր ծրագրերի, որոնց միջոցով նպաստում է համայնքի երեխաների մտածողության և աշխարհընկալման զարգացմանը: Թեկնածությունը պահպանելու դեպքում կազմել էր ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեին: Կարևորեց ավագանու դեր համայնքի կյանքում:
«Կարծում եմ գաղափարապես շատ քչերն են, որ իրականում հասկանում են ավագանու կարևորությունը: Ես հասկանում եմ, որ մեր համայնքը լուրջ խնդիրներ ունի, հիմնախնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»:
Եղեգնուտում ընտրական պայքարը ծավալվում է 2 ազգի միջև և ակտիվ գործունեություն են տանում և, ենթադրաբար, կանայք փորձել են զերծ մնալ ընտրապայքարի աղմուկից և վնասակար հետևանքներից: Իսկ Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում առաջադրվել և գրանցվել է ավագանու 3 կին և 8 տղամարդ թեկնածու: Այս կանայք ընտրություններին մասնակցելով առաջինը աջակցությունը ստացել են ընտանիքներից: Օֆելյան զոհվածի այրի է:
«Հարևանությանս մեջ ինչ որ մի հարց կա, որ ուզում ենք բարձրացնենք, դե կին են, ասենք՝ ելույթ ունենան, կամ համայնքապետի հետ էս ինչ հարցը քննարկեն, չեն գնում, ասում են՝ Օֆիկ ինչի դու չես ասում: Սենց ավելի լավա, ասենք հարցը հանրայնացնենք, դնենք քննարկման»:

Օֆելյա Ռևազյանը և Լուիզա Ռևազյանը ազգակցական կապեր չունեն, Լուիզան դպրոցի տնօրենն է և ցանկացել է հասարակական ակտիվությունը դրսևորել ՏԻՄ-ում:
«Չեմ ցանկանա խոսեմ, ասենք բյուջեն մինչև հիմա ինչպես է տնօրինվել, ինչպես է ծախսվել, բայց համոզված եմ, որ ճիշտ նախահաշիվ կազմելու դեպքում կարելի է նաև խնդիրներին լուծում տալ: Շատ կարևորում եմ կնոջ ներկայությունը, որ ընտանիքում էլ բյուջե է կազմում, նախահաշիվ է կազմում իր բոլոր ծախսերի, կարելի է ասել՝ վարպետ է արդեն ճիշտ ծախսելու և ճիշտ տնօրինելու»:
Ավագանու անդամի կին թեկնածուները նշում են համայնքի խնդիրները, կարևորում առաջնայինը երկրորդայինից և ցույց տալիս ճանապարհները: Սարիգյուղում 11 թեկնածուի պայքարը 5 տեղի համար է:




