ԿարևորՀասարակություն

Ինչն է համացանցում հետաքրքրում հայ երեխաներին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Կասպերսկի» ընկերության հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում երեխաներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են համացանցում ֆիլմեր և սերիալներ դիտելով: Մինչդեռ  հայաստանցի  երեխաներին ինտերնետ տիրույթում ամենից շատ հետաքրքրում է հաղորդակցումը, հետո՝ տեսանյութերը և երաժշտությունը: Ֆիլմերն ու սերիալները հայաստանցի երեխաներին ամենից քիչն են հետաքրքրում:

Անցած ամառային արձակուրդներին հայաստանցի երեխաներին ինտերնետ տիրույթում ամենաշատը հետաքրքրել է շփումը (51,96%), ապա՝ երաժշտությունն ու YouTube-ի տեսանյութերը, հետո արդեն՝ սերիալները և ֆիլմերը։

Նրանք բավական ժամանակ են ծախսել նաև առցանց-խանութների տեսականին ուսումնասիրելու համար (9,22%)։ Սրանք  «Կասպերսկի» ընկերության հետազոտության արդյունքներն են: Ըստ նույն հետազոտության՝ հայաստանցի երեխաների համեմատաբար տարածված  վտանգավոր հետաքրքությունը եղել է «զենք» թեմատիկայով վեբ-հարթակների այցելությունը (7,84%)։ Իսկ ահա այլ ՝ էրոտիկայի, ալկոհոլի,  թմրամիջոցների, բռնության և մոլախաղերի թեմաներով երեխաները ավելի քիչ են հետաքրքրվել, քան դրանից ավանդաբար զգուշանում են ծնողները։

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը կարծում է, որ հետազոտության մեջ որոշ տվյալներ են բացակայում: Նախ չի նշվում, թե տարիքային որ խումբն է մասնակցել հարցմանը, ինչ մեխանիզմով է այն իրականացվել: Իսկ ընդհանրապես՝ հիմք ընդունելով տվյալ հետազոտության արդյունքները՝ փորձագետն այստեղ ռիսկեր չի տեսնում:

«Այն կայքերը, որոնք ծնողների տեսանկյունից ամենավտանգավորն են, երեխաները պարզապես չեն էլ ձգտում մտնել: Ես ևս այդ վտանգը չեմ տեսնում: Վերջապես՝ ցանկացած սահմանափակող գործողություն կարող է հակազդեցություն ունենալ: Դպրոցում է պետք աշխատել երեխաների հետ այնպես, որ նրանք իրենք կողմնորոշվեն ինչ անել»:

Եթե երեխային այդ ուղղությունը չի հետաքրքրում, նա չի էլ նայի՝ կարծում է փորձագետը և նշում, որ դա արդեն հոգեբանական նրբություն է: Նույն դիտարկումն ունի նաև հոգեբան Էլպիդա Բաբայանը: Նրա համար, իհարկե, երեխաների հետաքրքրությունների նման պատկերը կանխատեսելի էր և օրինաչափ տարիքային առումով: Ուշագրավն այն է, որ հետաքրքրությունների շարքում  առաջին տեղում հաղորդակցումն է:

«Դեռահասության շրջանում հաղորդակցումն առանձնահատուկ կարևորություն ունի: Դա բարդ ինքնաճանաչման փուլ է, և երեխաները ձգտում են գտնել այնպիսի շփում, որտեղ իրենց կընդունեն այնպիսին, ինչպիսին կան ու չեն փորձի վերափոխել իրենց»:

Հոգեբանը շատ է կարևորում նաև արգելված կայքերից երեխաներին հեռու պահելու ծնողների ճիշտ մոտեցումը:  Հակառակ դեպքում կարող է արգելքը ճիշտ հակառակ ազդեցությունն ունենալ:

Մասնագետը կարծում է, որ ծնողն այնքան բաց պետք է լինի երեխայի հետ շփման առումով, որ երեխան էլ չկաշկանդվի և իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը փորձի ստանալ ծնողից, այլ ոչ թե համացանցում:

Ինչ վերաբերում է Կասպերսկի ընկերության հետազոտությանը, այն իրականացվել է նաև Հայաստանի սահմաններից դուրս: Վերլուծելով աշխարհով մեկ երեխաների անանուն դարձրած որոնողական հարցումները՝ «Կասպերսկի» ընկերության փորձագետները հանգել են այն եզրակացության, որ այս ամառ նրանք ամենից հաճախ փնտրել են ֆիլմեր և սերիալներ:

Երեխաները ամենաշատը հետաքրքրվել են Սարդ-մարդու մասին ֆիլմով։ Հաջորդը Ալլադինի էկրանավորումն է, ապա  Ջոն Ուիքի մասին մարտաֆիլմի երրորդ մասը։

Կարդացեք նաև

Back to top button