
Գիտա Էլիբեկյան
Ռադիոլուր-Թբիլիսի
Վրաստանի առողջարանային հանգստավայրը դեռ խորհրդային տարիներից շարունակում է մնալ լեռնադահուկային սպորտի կենտրոն, իսկ հայերն այսօր այստեղ հաջողակ գործարարներ են։ Ամենահարուստ մարդն այստեղ ազգությամբ հայ է։ Վլադիմիր Ստեփանյանը Բակուրիանիի «Կրիստալ» հյուրանոցային համալիրի հիմնադիրն է, «Ռադիոլուրին» պատմել է, թե ինչպես են 90-ականներին սկսած ընտանեկան փոքր բիզնեսը մեծացրել։
90-ականների կեսերին, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո լեռնադահուկային տուրիզմի երբեմնի կենտրոն Բակուրիանին դատարկվել էր, սպորտսմեննների ու զբոսաշրջիկների կողմից մոռացվել, այն ժամանակ 24- ամյա Վլադիմիր Ստեփանյանը բացում է առաջին հյուրատներից մեկը։ Մութ ու ցուրտ տարիներ էին, բայց նա մինչ այդ հասցրել էր ընկերների օգնությամբ հասնել Հունաստան, հույն գործարարի մոտ աշխատելով մատուցող, մոտիկից սովորել, թե ինչպես պետք է ճիշտ բիզնես վարել․
«Երբ հետ դարձա 96-ին, սկսեցինք փոքր բիզնեսից՝ ընտանեկան guast house-ից։ Երբ այստեղ ամեն ինչ քանդում էին, ես Եվրոպայում տեսնում էի, թե ինչպես պետք է ճիշտ գործարարություն անել։ Այստեղ խառնաշփոթ էր, բայց կարծում եմ, դա բիզնես սկսելու ամենաճիշտ ժամանակն էր»։

Ասում է՝ գումար ևս չուներ, բայց այն ժամանակ առանց դրա հնարավոր էր բիզնես սկսել, իսկ այսօր՝ ոչ։ Դրանք այն տարիներն էին, երբ Բակուրիանի օրական մեկ-երկու մեքենա էր բարձրանում, հյուրատները ևս քիչ էին։ Այսօր Ստեփանյանի գլխավորած «Կրիստալ» հյուրանոցային համալիրն ամենախոշորն է, նա կառուցում ու վաճառում է նաև բնակարաններ, արտադրում կաթնամթերք։
«Մենք, սակայն դեռևս մեր գործունեության գագաթնակետում չենք։ Հիմա ենք մեծ բիզնես սկսում․․․»։
Առաջիկայում 10 միլիոն դոլար արժողությամբ նախագիծ է իրականացնելու՝ Ճոպանուղային երկու նոր ճանապարհի կառուցում և ժամանցային կենտրոնի բացում։ Նախագիծը պատրաստ կլինի երկու տարվա ընթացքում, եթե, ինչպես ասում է, չխանգարեն․
«Կառավարությունը կարելի է ասել օգնում է, կամ ավելի ճիշտ՝ չի խանգարում․ դա արդեն նշանակում է՝ օգնում է»։
Վիրահայ գործարարը նշում է, որ բոլոր իշխանություններն էլ իրար նման են, բոլոր ժամանակներում էլ գործարարները փորձում ու ուղիներ են գտնում ստեղծելու․
«Բայց մենք հայ ենք, ուրեմն խելացի ենք․ ճանապարհներ գտնում ենք»։
Ստեփանյանը Բակուրիանին իր տունն է համարում՝ նշելով, որ իրեն լավ է զգում։ Իսկ «ով իրեն լավ չի զգում, ազգանունն է փոխում, մենք դեռ լավ կզգանք»։
Վրաստանի թերևս ամենահարուստ ավանի ամենահարուստ գործարարն իր հաջողության գաղտնիքը համարում է ընտանիքը, որի յուրաքանչյուր անդամ իր հետ աշխատում է։




