ԿարևորՀասարակություն

Հեռախոսն ու հեռուստացույցն ավելի վտանգավոր են, քան՝ ուլտրամանուշակագույն ճառագայթները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ուսումնասիրությունների համաձայն` Հայաստանում օզոնային շերտի նվազման բարձր ցուցանիշ է գրանցվել 2014 թվականին: Փոխարենը լավ արդյունքներ ենք ունեցել 2016 թվականին: Հայաստանը երբեք չի արտադրել օզոնաքայքայիչ նյութեր:

Դրանք այն նյութերն են, որոնք օգտագործվում են սառեցման, օդորակման համակարգերում:  Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումները օզոնի շերտի պաշտպանության գործում՝ նշել է, որ Հայաստանում այլևս գործում է փորձնական ձեռնարկության սառնարանային պահեստը, որը թե կլիմայի համար է անվտանգ, թե օզոնի շերտի:

Հայաստանում օզոնաանվտանգ սառնարաններում արդեն խնձոր են պահում: Փորձնական ձեռնարկության սառնարանային պահեստը նաև կլիմայի համար է անվտանգ, ներկայացնելով օզոնաանվտանգ սառնարանը, նշում է Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը:

«Ներկայումս, երբ Հայաստանը վավերացրել է Կիգալիի փոփոխությունը և հնարավորություն ունի անցում կատարելու օզոնաանվտանգ և կլիմայի համար անվտանգ տեխնոլոգիաների, շատ կարևոր է միաժամանակ ուշադրություն դարձնել նաև էներգաարդյունավետությանը սառնարանամատակարարման և օդորակման ոլորտում»:

Հաշվի առնելով նաև աշխատաշուկայում այս նոր մասնագիտության պահանջարկը՝  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկում ավելացել է Սառնարանային տնտեսություն մասնագիտությունը՝ որպես միջին մասնագիտական կրթություն։

«Հայաստանի երեք քոլեջները՝ Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջը և Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջները հագեցրել ենք համապատասխան սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են տվյալ ուսուցումն իրականացնելու համար, և այս տարի ունենք արդեն ուսանողներ, ինչը շատ ուրախալի է»:

Սեպտեմբերի 18-ին էլ բացվելու է տարածաշրջանային ուսումնական կենտրոն Շիրակացու ճեմարանի հենքի վրա։ Կենտրոնը ոլորտում գործող մասնագետներ է վերապատարաստելու եւ արտոնագրեր է տրամադրելու։ Այս պահին կենտրոնն ինքն է անցնում արտոնագրման ընթացակարգով։ Ի դեպ՝ հենց այս կենտրոնին կից է գործելու փորձնական ձեռնարկության սառնարանային պահեստը:  Ընդհանուր առմամբ՝ օզոնի շերտի պահպանության գործում Հայաստանյան արդյունքներից  Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգողը գոհ է, հավաստիացնում է, որ Հայաստանը գերակատարում է իր պարտավորությունները:

Սա լուրջ ձեռքբերում է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի և ինչու չէ մոլորակի համար: Ի վերջո՝ օզոնի շերտի քայքայումը լրջագույն սպառնալիք է ամբողջ մարդկության համար:  ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Աննա Ծառուկյանի խոսքով՝  իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օզոնի շերտի քայքայմամբ, երբ բարձրանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, օնկոլոգիական հիվանդությունների ակտիվություն է արձանագրվում:  

«Դիտարկումները կատարվում են բարձր լեռնային Ամբերդ օդերևութաբանական կայանում: Այդտեղ է գտնում տարածաշրջանում միակ օզոնի սպեկտրով օտոմետրը: Դիտարկումները Հայաստանում դեռևս 90-ականներից են արվում: Մենք ամեն օր կանխատեսում ենք տալիս՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի ձևով»:

Ուլտրամանուշակագույն ճառագայթների տեսանկյունից առավել խոցելի են սպիտակամաշկ, կապուտաչյա և շեկ մազերով մարդիկ:

«Ավելի վտանգավոր և խոցելի են քաղաքի բնակիչները՝ սպիտակամաշկ, կապուտաչյա, շեկ մազերով: Ավելի կոփված են շրջանների ժողովուրդը»:

Միևնույն ժամանակ մասնագետը զգուշացնում է, որ արևի ճառագայթներից շատ ավելի վտանգավոր են հեռախոսի և հեռուստացույցի ճառագայթները:

Կարդացեք նաև

Back to top button