ԿարևորՔաղաքական

ԱԳ նախարարները կհանդիպեն. ի՞նչ սպասել

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հանդիպում կազմակերպելու առաջարկը: Այս մասին լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Որտե՞ղ եւ ի՞նչ ժամկետներում կլինի հանդիպումը կհայտարարվի համաձայնեցված կարգով՝ շեշտել է արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Երևանում երեկ տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստը:

Քննարկման ավարտին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, պատասխանելով լրագրողների հարցերին, երեկ ասաց, որ կառույցի դռները ոչ ոքի համար փակ չեն, այդ թվում նաև՝ Ադրբեջանի, սակայն ամեն ինչ պետք է որոշվի կոնսենսուսով:

Հայաստանի ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ, Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Արա Պապյանը մեզ հետ զրույցում այսօր ասաց, թե նման տրամաբանությունը չի կարող կիսել:

«Իմաստազրկվում է ՀԱՊԿ-ի իմաստը: Հարց. Եթե Ադրբեջանը ՀԱՊԿ-ի դիտորդ է դառնում, որոշակի իրավունքներ է ձեռք բերում ու պատերազմ է առաջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ՀԱՊԿ-ը առանց այդ էլ չէր արձագանքում, հիմա լրիվ իրավական հիմք կունենա՝ ասելու, թե՝ ես չեմ կարող ՀԱՊԿ-ի դիտորդի եւ անդամի միջեւ ընտրություն անել: Ստացվում է, որ անիմաստ է դառնում ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը: Ես կարծում եմ, որ մերոնք միանշանակ պիտի դրան դեմ լինեն, որովհետեւ մենք ՀԱՊԿ-ում ենք առաջին հերթին հենց Ադրբեջանի էրեսից»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսպես արձագանքեց.

«Հստակ արձանագրենք, որ կա ՀԱՊԿ-ի կանոնադրությունը, որտեղ հստակ արձանագրված են այն չափանիշերը, որոնք պետք են եւ դիտորդին, եւ գործընկերոջը: Եվ կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա, ուստի՝ առանց Հայաստանի համաձայնության ցանկացած նման կարծիք կամ ցանկություն կմնա միայն այդպիսին»:

Ի դեպ, Հայաստանի խորհրդարանում հարց բարձրացվեց ՀԱՊԿ-ի շրջանակներում Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ: Արա Պապյանի դիտարկմամբ, եթե ՀԱՊԿ-ում որեւէ հնարավոր կարգավիճակ Ադրբեջանին բերի նաեւ  ներքին գներով զենք գնելու արտոնություն, ապա՝ առավել եւս դա ցույց է տալիս, որ այդ կարգավիճակն ուղղված է լինելու մեր դեմ:

«Ունենալով շատ ավելի ֆինանսական միջոցներ եւ չունենալով սահմանափակումներ, ինքը կառնի: Էստեղ խնդիրը նաեւ այն է, որ մենք միշտ Ռուսաստանին ասում էինք՝ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, նույն դաշնության անդամ ենք, դուք թշնամուն զենք եք ծախում: Հիմա, կստացվի, որ Ռուսաստանի համար ստեղծում ենք մի շրջանակ, որի ներսում ինքը առանց պրոբլեմի կարող է զենք ծախել Ադրբեջանի՞ն: Լավ չէ դա մեզ համար»: 

Այս խնդրով արտգործնախարարության դիրքորոշումը հստակեցնելու հարցին ի պատասխան՝ Աննա Նաղդալյանը նախ հիշեցրեց, որ ՀԱՊԿ շրջանակներում Ադրբեջանին զենք վաճառելու առթիվ մտահոգությունները պարբերաբար բարձրաձայնվել է.  

«Մեր դիրքորոշումն այն է, որ դա բացասական ազդեցություն ունի ինչպես կառույցի հեղինակության, այնպես էլ համագործակցության միջավայրի վրա: Մեր մտահոգությունները լսելի են՝ կարող եմ դա արձանագրել»:  

Հարցերից մեկն էլ վերաբերում էր ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականին: Արդյո՞ք այդ հրաժարականը կազդի մեր երկկողմ հարաբերությունների վրա: Արա Պապյանի խոսքով՝ Բոլթոնի հրաժարականը լավ էր՝ ո՛չ ուղիղ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների առումով, այլ՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների:

«Լարվածությունը, ակնհայտորեն, իջնում է: Այն, որ Իրան-ԱՄՆ պատերազմի հնարավորությունը փոքրանում է՝ արդեն մեզ համար դա լավ է: Իսկ հայ-ամերիկյան հարաբերությունները, ցավոք սրտի, էսօր չեն գտնվում համարժեք բարձրության վրա, ինչի վրա պիտի գտնվեին»:  

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մինչդեռ, շեշտեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի խորն ու ինստիտուցիոնալ են եւ պայմանավորված չեն անձերով:

«ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում եւ դա շարունակական է: Այդ հարաբերությունները պայմանավորված չեն առանձին անձերով եւ դրանք կրում են առավել ինստիտուցիոնալ բնույթ»:

Սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթաժողովը տեղի կունենա, որին կմասնակցի նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Բավական հագեցած օրակարգ է. նախատեսված են ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ՝ տեղեկացրեց  մեր երկրի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հարցին՝ հնարավո՞ր է, որ գագաթաժողովին հանդիպում տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ, Նաղդալյանը պատասխանեց.

«Համանախագահների կողմից եղել է հանդիպում կազմակերպելու առաջարկ։ Կողմերը համաձայնել են։ Իսկ թե որտեղ եւ ինչ ժամկետներում կլինի հանդիպումը, կհայտարարվի համաձայնեցված կարգով»։

ԱԳՆ մամուլի խոսնակը արձագանքեց նաեւ Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանի պարտականությունները դադարեցնելու շուրջ մամուլի հրապարակումներին:

Ասաց, որ այդ որոշումը կայացվել է պարտականությունների ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ։ Տեղեկացրեց նաեւ, որ Անդորրայի հետ հարաբերությունները համակարգում է Ֆրանսիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինը։

Կարդացեք նաև

Back to top button