
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ամուլսարի հարցում հետամուտ ենք լինելու ճշմարտությանը , իսկ ճշմարտությունը Հայաստանի պետական շահն է՝ այսօր խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա Ամուլսարի խնդրին անդրադարձել է՝ ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցի, թե ինչու է նոր իշխանությունը պատասխանատվություն ստանձնել նախորդ իշխանությունների կայացրած որոշումների, մասնավորապես Լիդիանին հանքարդյունաբերություն լիցենզիա տրամադրելու որոշման համար:
Փաշինյանը Բաբաջանյանի հարցին արձագանքել է նույն տրամաբանությամբ. «Եթե թույլ կտաք նույն տրամաբանությամբ վերադարձնեմ մի հատված ձեր հարցից՝ ինչո՞ւ եք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով լինել նրա ընդունած կասկածելի հանրաքվեով Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ձևավորված Ազգային ժողովի պատգամավոր»։
Վարչապետը նշել է, որ Ամուլսարի հարցում որոշումը պետք է լինի իրավական. «Հարցն ունի էմոցիոնալ, բնապահպանական, տնտեսական մոտեցումներ, բայց բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական։ Ես կարծում եմ, որ Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ որոշումը, որը կարող է լինել արդարացված ու լեգիտիմ, հենց սա է։ Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը՝ արտադրամասը և այդպես շարունակ»,-հայտարարել է վարչապետը։
Արձագանքելով վարչապետին՝ Արման Բաբաջանյանը հետաքրքրվել է, թե արդյոք իշխանությունը պատրաստվում է իրավաքաղաքական գնահատական տալ նախորդների գործունեությանը, ինչի շրջանակում, ըստ պատգամավորի, կարող է լուծվել նաև «Լիդիանի» հարցը։
«Տասնյակ քրեական գործեր են հարուցված, որոնցով տասնյակ մարդիկ ներգրավված են որպես մեղադրյալ և դեռ տասնյակներն էլ ներգրավվելու են: Հիմա սա գնահատական է, թե ոչ: Գնահատականը պոզով- պոչո՞վ է լինում»,- ասել է վարչապետը:




