
Աիդա Ավետտիսյան
«Ռադիոլուր»
«Սանիթեքի» աշխատակիցները քաղաքապետարանի մոտ բողոքում են, որ ընկերությունը չի կարողանում վարձատրել իրենց կատարած աշխատանքի համար, քանի որ քաղաքապետարանը օպերատորի գումարն ամբողջությամբ չի վճարել:
Իսկ այդ ընթացքում ավագանին քննարկում էր «Աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակներն ավելացնելու հարցը:
Հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը ցուցարարների հետ հանդիպման ընթացքում նրանց հրավիրել է իրենց հիմնարկում աշխատանքի: Քաղաքապետն էլ ավելացրել է, որ պատրաստ են այդ մարդկանց ցուցաբերել իրավաբանական օգնություն:
Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը կհամալրվի նոր հաստիքներով: «Սանիթեքը» մոտ 10 օր դադարեցրել է իր գործառույթները։ Քաղաքի սանմաքրումն այժմ իրականացնում է նորաստեղծ հիմնարկը, իսկ իր ներկա ներուժով հնարավոր չէ քաղաքում իրականացրել աղբահանություն:

Հաստատված հաստիքացուցակների մեջ ընդգրկվելու են նաև հավաքարարները, բանվորներն ու վարորդները: Ընդհանուր հաստիքացուցակը ավելացել է մոտ 200- ով (նախկին 424-ի փոխարեն այժմ կազմում է 647 միավոր և աշխատավարձի ամսական բյուջեն կլինի մոտ 161 միլիոն դրամ): Հիմնարկի գործունեության համար նախնական հաշվարկներով հատկացվելու են այնքան միջոցներ, որքան նախորդ տարիներին: Առավելագույն սահմանաչափը շուրջ 5.2 մլրդ դրամ է, նշեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Մենք նույն գումարի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել ավելի լավ ու ծավալուն աշխատանք» :
Մինչ ավագանին քննարկում էր հաստիքացուցակները համալրելու հարցը, քաղաքապետարանի մոտ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում « Սանիթեքի» աշխատակիցները: Նրանք դժգոհություններ ունեին քաղաքապետարանից:
«Քաղաքապետարանը չի վճարել Սանիթեքին, «Սանիթեքն» էլ չի վճարել օգոստոսի մեր աշխատավարձերը:
Ցուցարարների հետ զրուցեց համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը: Բոլորին հրավիրեց իրենց հիմնարկ հարցազրույց անցնելու եւ աշխատանքի ընդունվելու համար։ Տնօրենի խոսքով՝ «Սանիթեքի» 900 աշխատակիցները համայնքային հիմնարկում աշխատանքի կարող են տեղավորել փուլերով:
«Ես պատրաստվում եմ անձամբ անցկացնել հարցազրույցը: Ընդունել աշխատանքի»:

Այժմ ընկերությունն ունի 206 աշխատող, որի մեծ մասը, ըստ Արմեն Գրիգորյանի, «Սանիթեքից» են տեղափոխվել իրենց մոտ: Ցուցարարների հետ հանդիպման իջան նաև ավագանու «Լույս» խմբակցության անդամները: Դավիթ Խաժակյանն ասաց, որ քաղաքապետարանն այս հարցին կարող է միջամտել այնքանով, որ հորդորի «Սանիթեքին» վճարել աշխատավարձերը: Միևնույն ժամանակ ասաց, որ դրանք պետք է իրավական առումով լինեն հիմնավորված, հակառակ դեպքում «Սանիթեքը» կանտեսի պահանջը:
«Ես այստեղից դիմում եմ ՄԻՊ-ին ուսումնասիրելու այս դեպքը։ Եթե աշխատավարձերը չեն վճարվել, բնականաբար, պետք է լինի միջամտություն և «Սանիթեքը» պարտադրվի այդ վճարումները կատարել»:
Թե, ի վերջո, երբ աշխատակիցները կստանան աշխատավարձ «Սանիթեքից» չկարողացան պատասխանել՝ պատճառաբանելով, որ քաղաքապետարանից իրենք էլ փոխանցում չեն ստացել:
«Դա կախված է քաղաքապետարանից, իրենք փոխանցում կանեն, գումար կլինի, մենք կվճարենք աշխատավարձը:
Ավագանու անդամները ցուցարարների բողոքի մասին տեղեկացրեցին նաև քաղաքապետին: Վերջինս դատապարտեց կատարված աշխատանքի համար աշխատակիցներին չվճարելը, «Սանիթեքը» միշտ իր խնդիրները բարդել է քաղաքապետարանի գլխին՝ ասաց.

«Սա ուղղակի, ըստ իս, ուղղորդված միջոցառում է: Մեր աշխատակիցները հարց են տվել, թե երբ են ստանում աշխատավարձերը, նրանք ասել են, որ ամսի 15-ին, բայց այսօր ամսի 10- ն է: Ես ուզում եմ հայտնել, որ այն, ինչ ասում է «Սանմիթեքը», որ մենք չենք փոխանցել գումարները և դրանով է պայմանավորված աշխատավարձեր չտրամադրելը։ Ա այդպես չէ, քանի որ քաղաքապետարանի կողմից չփոխանցված գումարը ընդամենը փոխանցվող գումարի 9 տոկոսն է կազմում»:
«Սանիթեքի» հետ գործընկերային հարաբերությունները պայմանագրով նախատեսված գործառույթների շրջանակներում հավասարեցված են 0-ի, բանակցություններն այս պահին դադարեցված են: Այժմ լիբանանյան ընկերության հետ ընթանում են իրավական գործընթացներ, տեղեկացրեց քաղաքապետը:




