Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»
Թուրքական և ամերիկյան զինված ուժերը սեպտեմբերի 8-ին Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտի ստեղծելու աշխատանքների առաջին փուլի շրջանակում համատեղ պարեկությունն են իրականացրել Սիրիայի հյուսիսային սահմանին:
Անկարան ու Վաշինգտոնը անվտանգության գոտու մասին տարբեր պատկերացումներ ունեն։ Թուրքիան պահանջում է, որ այս գոտուց դուրս գան քրդական ուժերը: Էրդողանն ասել է, որ եթե մինչեւ սեպտեմբերի վերջ համաձայնության չգան, թուրքական զինուժը ինքնուրույն կմտնի Սիրիայի տարածք։ Փորձագետները նշում են, որ երկու օր առաջ ձևավորված թուրք- ամերիկյան համատեղ պարեկությունը անվտանգության գոտում Էրդողանի սպառնալիքի արդյունք է։
«Ռադիոլուրի» հարցերին պատասխանում է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
— Արդյո՞ք կարելի է համարել, որ հարցի շուրջ թուրք-ամերիկյան տարաձայնությունները կարգավորված են:
— Վերջին օրերին հրապարակված տեղեկատվության համաձայն, հիմնական գործողությունները առնչվում են պարեկային գործառույթներին: Պետք է հաշվի առնել, որ կողմերի միջև անվտանգության գոտու մանրամասների հետ կապված բանակցային գործընթացը՝ տարածքի, ժամանակի, այն վերահսկողների մասով գաղտնի է մնում, քանի որ խնդիրը հիմնականում քննարկումների փուլում է: Դա, նաև կողմերի համապատասխան պաշտոնյաների հռետորաբանությունը թույլ են տալիս եզրակացնել, որ կան լուրջ խնդիրներ, քանի որ անգամ Էրդողանն է հայտարարում, որ եթե անվտանգության խնդիրը չլուծվի, ապա Թուրքիան կգնա միակողմանի գործողությունների: Սա խոսում է այն մասին, որ դեռևս կան բավականին լուրջ խնդիրներ, չհստակեցված հարցեր: Ընդամենը ժամանակավոր բնույթ կրող միջանկյալ լուծումներ են այն պարեկային գործողությունները, որոնց ականատես ենք լինում:
-Համաձայնեցվա՞ծ են այս գործողությունները մյուս ակտիվ խաղացողների և մասնավորապես Ռուսաստանի հետ: Հայտնի է, որ վերջերս Թուրքիայի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում էր անցկացրել, և կրկին հիմնական թեման Սիրիան էր:
— Քանի որ այդ շրջանը վերահսկվում է հիմնականում քրդերի կողմից, իսկ ակտիվ դերակատարներից այստեղ հիմնականը Միացյալ Նահանգներն է, Ռուսաստանի համաձայնությունը ստանալու խնդիր էլ չկա։ Կարծում եմ, որ քաղաքական էթիկայից ելնելով, անշուշտ, համաձայնեցրել և քննարկել են խնդիրը: Բայց այստեղ հիմնական դերակատարները Թուրքիան և ԱՄՆ-ն են, և եթե առաջիկայում ամեն ինչ գնա Վաշինգտոնի նախագծածով հնարավոր է՝ որոշ եվրոպական պետություններ նույնպես ներգրավվեն գործընքացին:

— Թուրքիան արդեն մի քանի օր է կրկին սպառնալիքների լեզվով է խոսում Եվրոպայի հետ՝ հայտարարելով, որ պարտավոր չէ կանգնեցնել Սիրիայից իր տարածքով Եվրոպա անցնող փախստականներին, ո՞րն է այս անգամ Անկարայի հեռահար քաղաքական նպատակը:
-Կարծես թե իրավիճակը կրկնում է 2014-2015 թվականների դեպքերը, երբ դարձյալ կային խնդիրներ Թուրքիայի և Եվրամիության միջև: Թուրքիան կրկին շանտաժի է դիմում՝ փորձելով Եվրամիության պետությունների միջոցով ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա, որպեսզի անվտանգության գոտին ստեղծվի։ Եթե համաձայնությունը ձեռք չբերվի, ապա փախստականները գնալու են Եվրոպա: Դարձյալ նույն շանտաժի լեզվով Թուրքիան այսօր փորձում է ավտանգության գոտու ձևավորումը իրականացնել իր նախագծածով, իր շահերին համապատասխան ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հնարավորությունները:
-Արդյո՞ք մոտ ապագայում կարող է ուրվագծվել Սիրիայում պատերազմի ավարտը:
-Իհարկե ոչ, քանի որ շարունակում է օրակարգային մնալ Իդլիբի խնդիրը, որտեղ տեղակայված են տարաբնույթ ահաբեկչական խմբավորումներ, և այս շրջանների հետ կապված չկա հստակ լուծում: Դեռևս հստակեցված չէ Եփրատ գետից արևելք քրդերի կողմից վերահսկվող շրջանների ճակատագիրը, դեռևս կան խնդիրներ արտաքին դերակատարների միջև՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի միջև, որոնք երբեմն դրսևորվում են Սիրիայի տարածքում: Բազմաբնույթ խնդրներ կան որոնք լուծված չեն և լուծման հեռանկարն էլ դեռևս հստակ չէ:
Բայց մի բան է կարծես թե հստակ. ստատուս քվո կամ տևական հրադադարի վիճակ առկա է հիմնականում Սիրիայի հյուսիսում՝ Հալեպում, կենտորանական որոշ շրջաններում, այսինքն վարչակարգի կողմից վերահսկող տարածքներում: Իսկ դա Սիրիայի տարածքի 60-70 տոկոսն է, այնտեղ իրավիճակը վերահսկելի է, և կյանքը աստիճանաբար վերադառնում է իր բնականոն հուն:




