ԿարևորՀասարակություն

Առաջարկում են Սեւանն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Չնայած պատկան մարմինների «անկոտրում»  կամքին, բնապահպանները շարունակում են թվարկել Սևանա լճի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ. ջրում ծանր  մետաղների առկայություն, ափամերձ տարածքների «բարեկարգման» աշխատանքներ, իսկ ամենավերջինը՝ փոքր ՀԷԿ-ի կառուցում:
Սևանա լճին վերաբերող հիմնախնդիրները, ինչպես պատկան մարմիններ են պարբերաբար  վստահեցնում, իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է գտնվում: Ավելին՝ Սևանա լճի հիմնահարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովն է աշխատում։ 

Համակարգող մարմինների առատությունից, ցավոք, Սևանա լճի հիմնախնդիրները ոչ թե նվազում են, այլ ավելանում:
«Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանը նկատում է, որ  «փողն ու բիզնեսն իրենց սև գործն են անում», յուրաքանչյուրը՝ ներքևից վերև, փորձում է Սևանա լճի հաշվին գումար վաստակել, արդյունքում՝  փոքր ընկերությունները աղտոտում են տարածքը, մեծերն էլ  քաղցրահամ ջուրն են վտանգում։
Սևանա լճի հիմնախնդիրներին անդրադառնալը պատահական չէր, քանի որ այսօր ԳԱԱ նիստերի դահլիճում   հավաքվել էին Սևանա լճի ճակատարգով մտահոգ տարբեր կառույցների ներկայացուցիչները՝  քննարկելու Սևանա լիճը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու հարցը: Առաջարկի հեղնակը ազգությամբ ռուս Նիկոլայ Դրոզդովն է, ով ներկա չէր, նրա փոխարեն  որոշ մանրամասներ է ներկայացրեց նախագծի նախաձեռնող խմբի անդամ, տեխնիկական գիտությունենրի դոկտոր , ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռուբեն Մելքոնյանը։
«
Եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկվենք, ապա որոշ գումարներ կգան այդ կազմակերպությունից, մյուս կողմից՝  էլ ավելի ուշադրություն դարձնենք, որ Սևանա լիճը պետք է փրկել։ Մենք կարծում ենք, որ Սևանա լիճը պետք է մեզ ծառայի, սակայն մենք էլ պետք է իրեն նայենք»,- ասում է Մելքոնյանը։
Ինգա Զարաֆյանն անձամբ կողմ  է ու հպարտ, որ Սևանա լիճն  էլ  ՅՈՒՆԵՍԿՕ- ի պատմամշակութային արժեքների ցանկում ընդգրիկվի: Այս կերպ  գուցե կարողանանք փրկել Սևանա լիճը կործանումից, ասում է։

Back to top button