
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Ստալինի մահվանից մոտ 70 տարի անց էլ նրա ծննդավայր Գորիում խորհրդային առաջնորդով հպարտանում, նրա մասին երգեր ու բանաստեղծություններ են գրում՝ պահանջելով նաև քաղաքի կենտրոն վերադարձնել արձանը։

Զբոսաշրջիկները հիմնականում վրացական այս քաղաք են գալիս Ստալինի տուն-թանգարան այցելելու, խորհրդային բռնապետի մանկության մասին պատմություններ լսելու նպատակով։
Ի՞նչն է Իոսիֆ Ջուղաշվիլիին՝ նույն Ստալինին, այդքան դաժան դարձրել։ Գորիում սրա մասին չեն ցանկանում խոսել։

Վրաստանի արևելքում գտնվող Գորի քաղաքը զբոսաշրջիկներ է ընդունում բացառապես Ստալինի ծննդավայր լինելու պատճառով։ Այստեղ է խորհրդային առաջնորդի տուն-թանգարանը։
Ջուղաշվիլիների ընտանիքն այստեղ աղքատության մեջ է ապրել, Ստալինի հայրը՝ կոշկակար Վիսարիոն հարբեցող էր, քաղաքի հյուղակներից մեկում մի սենյակ էր վարձել, որի շուրջ էլ կառուցվել է թանգարանը։

Այստեղ են պահպանվում Ստալինի բազմաթիվ անձնական իրերը, նվերները, երկաթուղային վագոնը, որով նա գերադասում էր շրջագայել: Նաեւ նվերներ հայերից։ Այստեղ է Դմիտրի Նալբանդյանի «Ի. Վ. Ստալին» նկարը։

Գորի են գալիս աշխարհի տարբեր անկյուններից։ «Ով էր Ստալինը, ինչու էր այդքան դաժան», այս հարցի պատասխանը փորձում են նրա հայրենի քաղաքում գտնել։ Ոմանք ասում են, որ խորհրդային առաջնորդը մեծ տաղանդի տեր մարդ էր, ոմանք ատում են նրան՝ տուն- թանգարանի տարածքում կանգնեցված նրա արձանը ժամանակ առ ժամանակ արնագույն ներկում։

Թանգարանի ֆոնդերի գլխավոր պահապան Քեթևան Խոբաձեն «Ռադիոլուր»-ին ասում է, որ չեն գովազդում, որ իրենց այցելեն.
«Ինչ էլ նրա մասին ասեն, միևնույնն է՝ հետաքրքիր անձնավորություն է մնում։ Սա պատմության մի մասն է։ Այն չի կարելի ջնջել. և լավը, և վատը մնում է։ Մենք գիտենք 37 թվականը, բայց նա մնում է պատմության մեջ որպես հետաքրքիր անձնավորություն»։

Վրացական այս քաղաքն ապրում է ամենահայտնի վրացի գործչով։ 20-րդ դարի ամենադաժան բռնակալներից մեկի մասին այստեղ կարոտով են խոսում, հանճարեղ առաջնորդ ու հանճարեղ զորավար համարում։ Ամենուր Ստալինի լուսանկարներն են, նրա պատկերով լուցկու տուփեր, հուշամեդալներ, հուշանվերներ, շապիկներ, «Ստալին» անվամբ գինիներ, նրան գովաբանող ֆիլմերի տեսաերիզներ։

Բացի այդ, Գորիի բնակիչները շարունակում են պահանջել քաղաքի կենտրոնական հրապարակ վերադարձնել Ստալինի 6-մետրանոց արձանը, որը Սահակաշվիլիի օրոք ապամոնտաժվեց գիշերով.
«Գիշերն են հանել։ Գիտեին, որ ցերեկը նույնիսկ փորձ չէին կարող անել։ Ստալինի ծննդյան օրն այստեղ տոն է, Հայաստանից էլ են գալիս նրան սիրողներ»։
Գորիիում ապրող հայերը ևս համաքաղաքացիների նման հպարտանում են Ստալինով, բռնաճնշումների մասին նյութերը կեղծիք ու զրպարտություն համարում։

«Տղաս ռուսների համար եկավ Ստալինի նկարներ տանելու։ Մինչև հիմա էլ Ստալինին ուզում ենք։ Ասում են՝ հիմա մեզ Ստալին է պետք, որովհետև կարողանում էր գլխավորել աշխարհը։ Մի բուռ ենք մնացել, բայց մեկս մյուսին ուտում ենք»,-ասում է Գորի ազգությամբ հայ բնակիչներից մեկը։
Ու չնայած նրան, որ Ստալինը Մոսկվա մեկնելուց հետո ծննդավայր Գորի գրեթե չի այցելել, այստեղ ու գրեթե ողջ Վրաստանում տարբեր հարցումների համաձայն նրան սիրում ու պաշտում են ավելի շատ, քան հետխորհրդային մյուս երկրներում։

Ստալինիզմի թանգարան. Ստալինի տուն-թանգարանն անվանափոխելու՝ Վրաստանի տարբեր իշխանությունների փորձերը ապարդյուն են եղել։ Ինչպես ապարդյուն էին 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո Ստալինի անունը կրող բոլոր փողոցներն ու հրապարակները վերանվանելու փորձերը։




