
Երեկ՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին, մի շարք մասնավոր ռադիոկայանների ղեկավարներ հրապարակայնորեն մտահոգություն են հայտնել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով Հանրային ռադիոյի կարիքների համար լրացուցիչ կապուղիներ հատկացնելու դիմումի վերաբերյալ:
Հարցի առնչությամբ ներկայացնում ենք Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի պարզաբանումը:
Հարգերի գործընկերներ,
Երեկ ուշադրությամբ ուսումնասիրեցի Ձեր ելույթներն ու գրառումները: Ձեր մտահոգությունը հասկանալի է: Հարմարության համար պատասխանս տրոհեմ մասերի.
Ինչու՞ է արվում եւ ինչի համար. Հանրային ռադիոն, այո, գործարկում է մայրաքաղաքային ծածկույթով նոր ռադիոալիքներ:
«Ռադիո Արեւիկ». մանկական ռադիոալիք, որը արտադրելու են երեխաներն իրենց հասակակիցների, նաև ծնողների համար: Սա ծանրակշիռ մանկական շեշտադրմամբ ընտանիքի, ծնողական և դպրոցական համայնքի համար նախատեսված կայան է, որի ձևաչափի հիմքում ուսումնական, ճանաչողական, գիտահանրամատչելի, գեղարվեստական հաղորդումներ են: Կայանի աշխատանքներում առանձնակի դեր է նախատեսված Հանրային ռադիոյի վերջերս վերականգնված «Արևիկ» մանկապատանեկան անսամբլին: «Արևիկ» ռադիոկայանի օրվա խնդիրը երեխաների դաստիարակության գործում ծնողների և դպրոցի համար հզոր դաշնակից դառնալն է: Ռադիոյական համայնքի համար, կարծում եմ, կարևոր է, որ մենք այսօր սկսում ենք կառուցել վաղվա մեր և ձեր լսարանը:
«Մշակութային ալիք». կարծում եմ, որևէ մեկը չի վիճարկի, որ երկրում մշակույթ ցույց տալու խնդիր կա: Մենք երբեք չենք ունենա իրական տնտեսական աճ, համաշխարհային մակարդակի գիտատեխնիկական նվաճումներ, ռազմաքաղաքական գերակայություն տարածաշրջանում… որևէ լուրջ բան երբեք չենք ունենա, քանի գրականությունը, երաժշտությունը, քանդակը, կերպարվեստը՝ մեր իրական բովանդակությունը, կորչում է արդի մեդիայի գեներացրած աղմուկի մեջ: Ի վերջո, մենք այն ենք, ինչ լսում, դիտում, ընթերցում ենք: «Մշակութային ալիքը» դառնալու է այն հենարանը, որի միջոցով բարձրարժեքը պիտի դառնա նաև մրցունակ:
«Ռադիո Ոսկե ֆոնդ». բոլորս գիտենք, որ Հանրայինը բացառիկ արխիվ ունի: Այնտեղ պահվում է ամեն ինչ՝ սկսած 30-ական թվականներից: Ընդ որում, խոսքը ոչ միայն ու ոչ այնքան ֆոնդավորված երաժշտության մասին է, այլ նաև մեր մեծերի ելույթների, հարցազրույցների, ռադիոթատրոնի բացառիկ գործերի, քաղաքական բնույթի վավերագրական նյութերի և այլն: Թեև բովանդակությունն արդեն հասանելի է հատուկ կայքում, այդ ժառանգությունը ապրեցնելու համար ավելի հզոր գործիք է պետք: «Ռադիո Ոսկե ֆոնդ» ռադիոկայանի իմաստը 20-րդ դարի մեր պատմությունը վերաիմաստավորելն ու կիրառական դարձնելն է, ուստի կայանն աշխատելու է պատմավավերագրական ձևաչափով:
«Ժողովրդական ռադիո». ռադիոկայանի հիմքում մեր երկրի ժողովուրդների բանահյուսությունն է: Հայ և չորս խոշորագույն փոքրամասնությունների՝ ասորի, եզդի, ռուս և քուրդ ժողովուրդների երաժշտությունը, բանավոր ավանդապատումները, սովորույթները, ծեսերը ու ավանդույթները: Եթերում հնչելու են ինչպես հայերենը՝ որպես մեր երկրի պետական լեզու, այնպես էլ փոքրամասնությունների լեզուները, որոնք, (բացի ռուսերենից), պարզապես վտանգված են, և եթե հիմա մենք չսկսենք միջոցներ ձեռնարկել, մի սերունդ հետո մեծ հավանականությամբ լեզվի կենդանի կրող գուցե էլ չենք գտնի:
Ի՞նչ բյուջեով է սա արվում
Այստեղ միանգամից պետք է ասել, որ ծրագրերի համար լրացուցիչ բյուջե չենք ստացել ու չենք ստանալու: Միջոցներն առանձնացվել են առկա բյուջեից ձեռնարկությունում իրականացված վարչատնտեսական բարեփոխումների արդյունքում: Հինգ ամիս առաջ եմ նշանակվել: Քիչ ժամանակ չէ արտադրական ցիկլերը լիովին վերանայելու համար: Ավելի պարզ՝ եղած փողով ենք սա անում:
Ի՞նչ ազդեցություն է սա ունենալու գովազդային շուկայի վրա
Կարծում եմ, որպես տասնամյակներ գովազդային բիզնեսի մեջ եղած մարդիկ, ինքնուրույն կարող եք պատասխանել այդ հարցին: Խոսքը սկզբունքորեն ոչ կոմերցիոն ձևաչափերի մասին է:
Հարգանքով,
Գարեգին Խումարյան
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն




