ԿարևորՔաղաքական

Քոչարյանի գործով ոչ թե ճնշում, այլ ճնշման փորձ է իրականացվում. ԲԴԽ նախագահ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՍԴ-ն այսօր հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշումը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՍԴ էր դիմել՝ քննելու համար իր նկատմամբ կիրառված կալանքի եւ քրեական հետապնդում իրականացնելու սահմանադրականության վերաբերյալ հարցը: Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասին և 35-րդ հոդվածին:

Հոդվածներից մեկի կիրառումը ՍԴ-ն համարել է հակասահմանադրական, մեկինը՝ ոչ: ՍԴ որոշումն առայժմ մեկնաբանել է միայն Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը: Մինչ ՍԴ որոշման հրապարակումն էլ կոչով էր հանդես եկել փաստաբան Տիգրան Եգորյանը: Վերջինիս կոչին այսօրվա ասուլիսում արձագանքել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

ՍԴ որոշմամբ ՀՀ քր. դատ. օր.-ի 35-րդ հոդվածի կիրառումը ճանաչվել է հակասահմանադրական, 135-րդ հոդվածինը՝ ոչ: Առաջին հոդվածը վերաբերում է կալանավորման հարցին, երկրորդը՝ քրեական հետապնդում իրականացնելու իրավասություններին: ՍԴ որոշման վերաբերյալ մեկնաբանություն առայժմ տվել է միայն ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Մեկ բանը հստակ կասեմ՝ կալանավորումը երկրորդ նախագահի նկատմամբ իր իրավունքի խախտում է»:

Քրեական հետապնդման հետ կապված խնդրին հնարավոր է անդրադառնալ որոշմանը ծանոթանալուց հետո՝ նշել է Վարդեւանյանը: ՍԴ որոշումը պարտադիր է բոլորի համար: Մինչեւ ՍԴ որոշումը՝ փաստաբան Տիգրան Եգորյանը կոչ էր արել չճանաչել այն, եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու քրեական հետապնդման իրականացումը ճանաչվի հակասահմանադրական: Այս հայտարարությանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ նշելով, որ փաստաբան Տիգրան Եգորյանն ազատ է եւ կարող է իր կարծիքը հայտնել:

«Ես՝ որպես ԲԴԽ նախագահ, իրավունք չունեմ նրա խոսքերը մեկնաբանել, առավել եւս՝ եթե կարող է իմ խոսքը վերաբերվի եւ ազդեցություն ունենա այդ դատական պրոցեսի վրա:  Դատարանը գործը քննելու է ամբողջ  ծավալով, այնուհետ՝ գնալու է խորհրդակցական սենյակ եւ ընդունի որոշում՝ նաեւ միգուցե հաշվի առնելով Տիգրան Եգորյանի կարծիքը՝ որպես փաստաբանի, իրավաբանի»:     

Բայց այս պահին ասել՝ դատարանը ի՞նչ է անելու – հնարավոր չէ ոչ տեխնիկապես-ֆիզիկապես, ոչ էլ իրավական տեսակետից: Չեմ կարող ասել Աննա Դանիբեկյանը ի՞նչ է անելու, իրավունք էլ չունեմ, ցանկություն էլ չունեմ՝ ասաց ԲԴԽ նախագահը:

Հորդորեց, ընդհանրապես, հարցեր չտալ իրեն այն գործերի մասին, որոնք այսօր գտնվում են դատարանների վարույթներում՝ շեշտելով, որ օրենքով իրավասու չէ միջամտել արդարադատական գործընթացներին: Հետեւաբար՝ նման գործերի մասին կարծիք հայտնելն էլ սխալ է համարում:

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն պնդումներին, որ իշխանությունների կողմից ահռելի ճնշումներ են գործադրվում դատարանների նկատմամբ՝ ԲԴԽ նախագահը նշեց, որ «ահռելի» բառը չափազանցություն է, ապա հավելեց, որ այդ գործով ոչ թե ճնշում է իրականացվում, այլ ճնշման փորձ։

Հստակեցրեց նաեւ, որ  նկատի ունի Քոչարյանի գործի շրջանակներում հասարակության երկու մասի բաժանվելը եւ Քոչարյանի աջակիցների ու հակառակորդների կողմից դատարանի առջեւ բողոքի ակցիաների իրականացումը:

«Ես կարծում եմ դա ճնշման փորձ է, սակայն չկա որեւէ դատավոր, որը կարող է արդարադատություն իրականացնել հաշվի առնելով դատարանի առջեւ կանգնած բողոքի ակցիա իրականացնող մարդկանց վանկարկումները»,–եզրափակեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Ռուբեն Վարդազարյանը չկիսեց մամուլում տեղ գտած գնահատականները, թե իր՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուց հետո կառույցը դարձել է իշխանահաճո:

«Ասել, որ Բարձրագույն դատական խորհուրդը իշխանությունների ցանկալի ԲԴԽ-ն է.  միանշանակ՝ ոչ»:  

Նման գնահատականներ տրվել են հատապես այն բանից հետո, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեցին, խուզարկություն կատարվեց աշխատասենյակում, սակայն ԲԴԽ-ն որեւէ կերպ չարձագանքեց այդ ամենին: Հակադարձելով դիտարկմանը՝ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ այնպես չէ, որ ԲԴԽ-ն դատավորին պետք է պաշտպանի ամեն գնով:

«Ավելին ասեմ. բավարար հիմքեր են ներկայացրել ԲԴԽ-ին եւ ԲԴԽ-ն ընդամենը թույլատրել է նախաքննություն իրականացնող մարմնին՝ քրեական հետապնդում իրականացնել: Իսկ օրենքի ուժով Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են»:  

Եթե ԲԴԽ-ն գտներ, որ ոտնահարվում են դատական իշխանության կամ դատավորի անկախությունը, ապա այլ որոշում կկայացվեր՝ վստահեցրեց Ռուբեն Վարդազարյանը:

Ինչ վերաբերում է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի կապարակնքմանը եւ նրան այնտեղ մուտք գործելն արգելելուն, ապա՝ ԲԴԽ-ն այդ առթիվ իր մտահոգությունը հայտնել է՝ արձանագրելով, որ դա որոշակի չափով խախտում է դատավորի անկախությունը: Այլ բան ԲԴԽ-ն չէր կարող անել՝ ասաց: 

Դիտարկմանը, որ ԲԴԽ-ն որեւէ կերպ չարձագանքեց որոշ դատավորների վերաբերյալ վարչապետի հայտնի կոշտ գնահատականին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշեց, որ հարցը քննարկելուց հետո որոշվել է քաղաքական հայտարարություններին չարձագանքել:

Կարդացեք նաև

Back to top button