ԿարևորՔաղաքական

Հայաստանն ու Արցախն ունեն բավարար կարողություն խաղաղության օրակարգը առաջ տանելու համար. ՀՀ ԱԳՆ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Որոշակի համաշխարհային միտումները, համաձայն որոնց՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը դիտարկվում է որպես էթնո-քաղաքական հակամարտությունների լուծման հիմք, նոր հնարավորություններ և հեռանկարներ են բացել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում,- կարծում է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Հակամարտության կարգավորման արցախյան  տեսակետի մասին  նախարարը խոսել է Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին կայացած Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարները:

Վերջին նման հանդիպումը կազմակերպվել է 2003 թվականին: Խորհրդակցության ավարտին երկու նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Պաշտոնական տեղեկատվությունից հետևում է, որ խորհրդակցության ընթացքում մտքեր են   փոխանակվել  արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգի և միջազգային ասպարեզում հայկական երկու պետությունների առջև ծառացած խնդիրների լուծման համար նոր գաղափարների և մոտեցումների մշակման շուրջ։

Այս համատեքստում քննարկվել են համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման ուղղությամբ գործնական քայլեր, ինչպես նաև որոշվել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են նախարարությունների և նրանց համապատասխան ստորաբաժանումների միջև խորհրդակցությունների օրակարգին՝ երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պլանի համաձայն։

 Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Մնացականյանը  խորհրդանշական է համարել դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների համահավաքի ավարտվելն Արցախում՝այն էլ Սեպտեմբերի 2-ին, երբ Արցախի հանրապետությունը հռչակման 28-րդ տարին է նշում:

Պատասխանելով լրագրողների հարցերին երկու նախարարները անդրադարձել են բանակցային ներկա փուլին ու այդ ասպարեզում ստացած ժառանգությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ բանակցություններում անկյունաքարային մարդկանց անվտանգության հարցն է ու դրանից բխող կարգավիճակի հարցը:

Արցախի արտաքին գործերի նախարարն էլ ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությանն այսօր առաջ է քաշում Արցախի բանակցային սեղան վերադառնալու հարցը, ինչը միշտ էլ եղել է արցախյան կողմի պնդումը:

Երկու նախարարները պատասխանել են նաև  երկու հայկական հանրապետությունների միջև հարաբերությունները  ռամաքաղաքական  նոր դաշինքում տեղավորելու հեռանկարի մասին հարցին:

Այս մասին մարտին խոսվել է ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում, իսկ մայիսին նման առաջարկով ՀՀ և Արցախի իշխանություններին դիմել են  «Արցախ-Հայաստան ռազմաքաղաքական դաշինք» համաժողովի մասնակիցները:  

«Կարծում եմ` դրական ընթացքի արդյունքում մենք կարող ենք ստանալ մի իրավիճակ, երբ ունենալով նման փաստաթուղթ, կընդգծենք Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը, որը ինչ-որ չափով դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար` որոշակի ճնշումներից խուսափելու համար: Որոշումը պետք է ընդունվի և կյանքի կոչվի համատեղ աշխատանքի արդյունքում»,- ասում է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Զոհրաբ Մնացականյանը պատասխանում ավելի զգուշավոր էր. նա կրկին ընդգծեց, որ  Արցախի հարցն առաջին հերթին վերաբերում է մարդկանց  անվտանգությանն ու դրանից բխող ստատուսին: Երկուսը ձևավորում են գերակայությունները:

«Պետք է ընդգծել, որ  խաղաղությունը այլընտրանք չունի և այս կետը պնդում ենք` հիմնվելով այն ինքնավստահության վրա, որ Արցախը և Հայաստանն ունեն բավարար կարողություն խաղաղության օրակարգը առաջ տանելու համար: Այս նպատակին ծառայելու է յուրաքանչյուր գործողություն, որը պետք է լինի գիտակցված»:

Դեսպանական համահավաքի մասնակիցները հանդիպել են նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, այցել են պաշտպանության նախարարության զորամասերից մեկը:

Կարդացեք նաև

Back to top button