
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ
Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս գյուղի դպրոցում գիտելիքի օրը նշանավորվեց Արմաթ ինժեներական լաբորատորիայի և հիմնանորոգված մարզադահլիճի բացմամբ: Գյուղի դպրոցը հիմնանորոգման կարիք ունի և միակ լուսավոր անկյունն այսօր մարզադահլիճն է, որտեղ անցած ուսումնական տարիներին ֆիզկուլտուրայի պարապմունքներ գրեթե չեն անցկացվել: Արաքսի դպրոցում այս ուսումնական տարում 20 աշակերտ նախակրթարանից տեղափոխվեց առաջին դասարան:

Դպրոցի բակում փուչիկներն ու ծաղիկներն ամուր պահած փոքրիկներն անհամբեր սպասում էին առաջին զանգին: Դպրոցի զանգը նրանց համար անսովոր չէր, նախակրթարան են հաճախել, նախապատրաստվել դպրոցին: Տոնական միջոցառումից հետո հնչեց զանգն ու ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը:
«Մանկապարտեզ չենք գնացել՝ նախակրթարան, դպրոցում լավ եմ սովորելու, որ զինվոր դառնամ»:

«Ես Վիկան եմ, նախակրթարանում թվերն եմ սովորել, հաշվում եմ մինչև 30-ը: Եկել եմ, որ լավ սովորեմ ու բժիշկ դառնամ»:
Վիկան ու Ռադիկը նախակրթարանից հետո արդեն առաջին դասարանցի են և կողք-կողքի են նստել: Նրանց ողջունում է առաջին ուսուցչուհին՝ ընկեր Խաչատրյանը,
«Այսուհետև դուք փոքրիկ երեխաներ չեք, դուք Արաքսի միջնակարգ դպրոցի աշակերտներ եք: Շնորհավորում եմ բոլորիդ դպրոց հաճախելու համար, դուք այստեղ կվառեք գիտելիքի մոմերը, կլուսավորվեք գիտելիքներով»:

Գիտելիքի օրվա լավագույն նվերը Արմաթ ինժեներական լաբորատորիայի բացումն էր, որը հնարավորություն կտա աշակերտներին զարգացնել տրամաբանությունն ու կողմնորոշվել մասնագիտության ընտրության մեջ: Արմաթում դասընթացները կկազմակերպվեն սկզբում մեկ խմբում՝ ընդգրկելով մինչև 20 աշակերտ, ապա կավելանա խմբերի թիվը: Վյաչեսլավ Իսրայելյանը Արմաթի խմբավարն է՝ հարևան Ռանչպար գյուղից: Նրա աշակերտներն այս տարի Դիլիջանի Արմաթ տեխնոճամբարում հիմնական 1-ին մրցանակի են արժանացել:

«Առաջին փուլում կծանոթանան ծրագրավորման բազային գիտելիքներին, նրան մոտ ալգորիթմական գիտելիքներն են զարգանում: Խաղերը իրենք են ստեղծում և խաղ խաղացողից դառնում են խաղերի հեղինակներ»:
Արաքսի դպրոցականների մյուս նվերը բարերարի աջակցությամբ հիմնանորոգված մարզադահլիճն էր, որի նախկին տեսքը շատ անմխիթար էր: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ահարոն Պարսամյանն ուրախ է, որ վերջապես մարզադահլիճը կծառայի իր նպատակին ու պարապմունքներն այնտեղ կանցկացնեն:

«Ֆիզկուլտուրայի դասերը դրսում էինք անցկացնում, իսկ ձմռանը՝ դասասենյակում, քանի որ մարզադահլիճի հատակը քանդված էր, խոնավ ու ցուրտ: Ավարտական քննությունների նորմատիվները դրսում ենք հանձնել: Հիմա արդեն դասերը դահլիճում կանցկացնենք»:
Մարզադահլիճի մի անկյունը զարդարված էր դպրոցի սաների սպորտային հաջողություններով՝ մրցանակներով ու պատվոգրերով: Դրանց մի մասը 16-ամյա հունահռոմեական ըմբշամարտիկ Սուրեն Աղաջանյանին էր:

«Մասնակցել եմ միջազգային մրցաշարերի, ունեմ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի մրցանակներ: Մասնակցել եմ նաև աշխարհի առաջնությանը, բայց անհաջողություն եմ ունեցել: Նպատակս Եվրոպայի և աշխարհի օլիմպիական խաղերում չեմպիոն դառնալն է»:
Սպորտային պարերի մրցույթներում հաղթանակներ են գրանցել Սոնա Հովակիմյանն ու Տիգրան Բադալյանը: Մրցանակները ստացել էին Մոսկվայում, Սոչիում ու Հայաստանում կազմակերպված տարբեր առաջնություններից:
Հիմնանորոգված մարզադահլիճը դպրոցի միակ լուսավոր գեղեցիկ տեղն էր, շենքը հիմնանորոգման կարիք ունի: Կրթօջախի տնօրեն Շուշանիկ Մարտիրոսյանն ասում է, որ տարիներ առաջ պետբյուջեի միջոցներով մասնակի վերանորոգումներ են արվել՝ առաջին փուլով փոխվել տանիքը, պատուհաններն ու դռները, 2-րդ փուլով՝ ոչինչ չի արվել, փողը տեղ չէր հասել:
«Երկրորդ փուլը փոշիացավ ճանապարհներին, 200 մլն դրամը, որ նախատեսված էր, որ պիտի գար՝ Արաքս չեկավ: Մենք սպասելով մնացինք արդեն 6-7 տարի»:

Արմավիրի մարզում այս տարի մի շարք դպրոցներ ընդգրկված են վերանորոգման, մի քանիսն էլ կառուցման ծրագրերում: Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
«Ութ դպրոցում լոկալ ջեռուցման համակարգ ենք անցկացրել, մի շարք դպրոցներում՝ վերանորոգման աշխատանքներ: Կային դպրոցներ, որ պատուհաններ չունեին, պատուհաններ ենք տեղադրել: Ունենք հաստատված 5 նոր դպրոցի կառուցման ծրագիր»:
Մարզպետի տեղեկացմամբ՝ կառուցվելու են 4-րդ կարգի վթարային դպրոցների շենքերը, իսկ Արաքսի դպրոցը կընդգրկվի հրատապ լուծում պահանջող շենքերի վերանորոգման ծրագրում, որոնք կիրականացվեն հաջորդականությամբ, մի մասը պետական բյուջեի միջոցներով, մյուսները համաֆինանսավորմամբ և բարերարների աջակցությամբ: Այս ուսումնական տարում 10 տոկոսով ավելացել է ուսուցիչների աշխատավարձը, իսկ դպրոցների տնտեսած միջոցների հաշվին՝ նաև նվազագույն դրույքաչափի սանդղակը:




