ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոն՝ 90 տարի առաջ եւ 90 տարի հետո

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Անցյալ, ներկա ու համա թե ապագա

90 տարի առաջ, ըստ էության, Հայաստանում դրվեց ռադիոլրագրության հիմքը՝ եթերից հնչեցին լրատվական եւ հասարակական-քաղաքական առաջին հաղորդումները։ 90 տարի անց՝ այսօր, Հանրային ռադիոն բացում է իր համար նոր էջ ու քայլում ներկայում թելադրվող պահանջների հետ միասին: 90 տարի անց՝ վաղը, կգան նորերն ու կանցնեն ժամանակի ընթացքով, ինչպես մենք:

90 տարի առաջ

Առաջիկա մի քանի րոպեների ընթացքում միասին ժամանակի մեջ հետ ու առաջ քայլեր կանենք, ամենավերջում՝ կթողնենք մի հաղորդագրություն-բացիկ 90 տարի անց իմ, քո, նրա տեղում լինողի համար:

Իսկ առիթը մեզ հենց այս պահին 90 տարի հետ կտանի ու կպատմի, որ ուղիղ հենց այդքան տարի առաջ Հանրային ռադիոյի եթերից առաջին անգամ հնչեց «Վերջին լուրեր»-ը: Ցավոք, 90 տարի անց մենք չենք կարող լսել այդ՝ առաջին լուրերի ձայները:

Գիտենք միայն, որ  ամեն օր «Վերջին լուրեր»-ի միջոցով հանրապետության ռադիոլսարանին էր մատուցվում Հայաստանում  ու արտերկրում տեղի ունեցող առավել կարեւոր դեպքերի եւ իրադարձությունների մասին ներկայացնող ամփոփագիրը:

Ծրագիրը 1930-ականներին եթեր էր հեռարձակվում հիմնականում երեք լեզուներով՝  հայերեն, ռուսերեն, թուրքերեն, մասամբ էլ քրդերեն:

«Ինչ էին անում այն ժամանակ, ինչպես էին կառուցում լրատվական հաղորդումները. մեծ կապեր ունեին «Արմենտայի» հետ, հիմա մենք գիտենք այն որպես «Արմենպրես» եւ հիմնականում հենց նրանց օգնությամբ կազմավորվում էր լրատվականի եթերը»,-պատմում է Հանրային ռադիոյի մանկական խմբագրության  ղեկավար Կարինե Գեւորգյանը:

Հանրային ռադիոյի մանկական խմբագրության ղեկավար Կարինե Գեւորգյանի հետ փորձեցինք վերականգնել 90 տարի առաջ եթերում հայտնված «Վերջին լուրեր»-ի պատկերը: Իսկ հիմա իջնենք մեկ հարկ ներքեւ՝ ռադիոյի արխիվ ու այնտեղ Արթուր Իսպիրյանի հետ փորձենք գտնել ռադիոյում պահպանված ամենահին ձայնը:

«Ռադիոյի արխիվում պահպանված ամենահին ձայնագրությունը 1937 թվականի ձայնագրություն է, որ արվել է Մոսկվայում, Արտեմի Այվազյանի սիմֆոնիկ նվագախումբն է նվագում»,-պատմում է Արթուր Իսպիրյանը:

Ցավոք, հայտնի չեն նաեւ այն լրագրողների անուններն, ովքեր աշխատել են «Վերջին լուրեր»-ում: Հայտնի են միայն ռադիոհաղորդավարների անունները՝ Սուրեն Քանանյան, Վերգինե Բաբայան, լուրերում է աշխատել նաեւ գրող Գեւորգ Աբովի կինը:

Ներկան

90 տարի անց՝ այսօր, «Վերջին լուրեր»-ն ունի «Ռադիոլուր» անունը: Հայտնի են խմբագրությունում աշխատող բոլորի անունները, որ այս պահի համար գուցե կարիք չունի թվարկման, բայց 90 տարի անց՝ վաղը, դրա կարիքը լինելու է իմ, քո, նրա տեղում լինողի համար:

«Ռադիոլուր»-ի տնօրենը Արմեն Վարդանյանն է, համակարգող խմբագիրը՝ Լուսինե Վասիլյանը: Մեկնաբանները չորսն են, եթե խոսում ենք միայն հայերենով հեռարձակվող լուրերի մասին, 5-ը, եթե ավելացնում ենք նաեւ ռուսերենը՝ Բարեղամ Ղուկասյան, Հասմիկ Մարտիրոսյան, Լիլիթ Աղբալյան, Մարիա Պապյան, Ալլա Աբովյան:

Լրագրողները քիչ չեն, հնչյունային օպերատորները եւս, կայքում աշխատողների պակաս՝ եւս չկա: Իմ անունը՝ վերջում:

90 տարի անց այս մասնագիտությունները հասկանալի կլինե՞ն արդյոք իմ, քո, նրա տեղում լինողի համար, պարզ կլինի միայն հենց այդքան տարի անց:

Ու մինչ ապագային ուղղված հաղորդագրություն-բացիկին անցնելը, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ներկա ժամանակով կպատմի ռադիոեթեր մտած ու մտնելիք փոփոխությունների մասին:

«Տեխնիկական վերազինումը շուտով եւ լսելի, եւ տեսանելի կդառնա: Այն ինչ պատրաստվում է անել Հանրային ռադիոն, սոցիոլոգիայում կոչվում է սեգմենտավորում»,-պատմում է Գարեգին Խումարյանը:

90 տարի անց

Իսկ 90 տարի անց իմ, քո, նրա տեղում լինողի համար թողնում ենք ներկայի ձայներ, որ ուղեկցվում են մեկնաբանություններով, 90 տարի անց լսողին հասկանալի լինելու համար:

Կարդացեք նաև

Back to top button