ԿարևորՀասարակություն

«Էլարդ»-ը նոր փորձաքննության անհրաժեշտություն է տեսնում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

««Լիդիան Արմենիա»  ընկերության ներկայացրած   տվյալները թերի էին,  թույլ չէին  տալիս  կուռ  գնահատականներ տալ», — հայտարարել են «Էլարդ» փորձագիտական խմբի անդամները գործադիրի ու օրենսդիրի ներկայացուցիչների հետ նախօրեին  տեղի ունեցած  SKYPE կոնֆերանսի ժամանակ:  Ըստ նրանց՝ բնապահպանական ու սոցիալական ազդեցության  գնահատումը  թերի է կատարվել,  ուստի  հնարավոր չէ  ռիսկերը մեղմելու  պատշաճ միջոցառումներ նախանշել:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է պնդել՝ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, «Էլարդ»-ում վստահեցնում են՝ իրենց եզրակացությունը անաչառ է: Թե ում փաստարկներն են ավելի համոզիչ, պետք է որոշի  Շրջակա միջավայրի նախարարությունը:

Գերատեսչությունը  մինչև սեպտեմբերի 4-ը ժամանակ է խնդրել պատասխանելու հարցին՝ կա՞  արդյոք նոր փորձաքննության անհրաժեշտություն, թե՞ ոչ:

«Էլարդ» փորաձգիտական խմբի անդամները վստահեցնում  են՝ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացված տվյալները թերի են:  Այս մասին նախօրեին  տեղի ունեցած  Սկայպ  կոնֆերանսի  ժամանակ հայտարարեց նախագծի համակարգող   Ռիկարդո  Խուրին:

«ՇՄԱԳ-ը թերի է, թույլ չի տալիս կուռ կերպով գնահատական տալ: Չկարողացանք գնահատել ՇՄԱԳ-ը՝ ելնելով տվյալների թերությունից»:

Փորձագետները հանքավայրի շահագործման   դրական կամ բացասական ազդեցությունը  չեն  կարողացել  թվայնացնել,  քանի որ, Ռիկարդո Խուրիի խոսքով, նախ՝ ներկայացված տվայները թույլ չեն տվել, ապա՝ իրենց առջև նման խնդիր  դրված չի եղել:  «Էլարդ»-ում կարծում են, որ ընկերությունը պետք է նոր ՇՄԱԳ փորձաքննություն իրականացնի: 

Հանքավայրի շահագործման ազդեցությունը Սևանա լճի վրա ավելի մեղմ կլինի՝ վստահեցնում են փորձագետները: Դոկտոր Վիդալի խոսքով՝ որքան էլ ներկայացված  տվյալները թերի են  եղել, որակական գնահատում արվել է: 

«Հանքից ստորերկյա ջրերի նպաստը համեմատաբար փոքր է՝ հաշվի առնելով ընդհանուր ջրբաժանի ջրի ծավալը:  Ցանկացած ազդեցություն, եթե լինի, կլինի փոքր: Մեր կարծիքով ՝ եթե մեղմացման միջոցառումներ ձեռնարկվեն, ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի լինի»:

«Նոր ՇՄԱԳ-ից  հետո  էլ   «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է երաշխքիներ տա»,- պնդում են «Էլարդ»-ում:  Ասում են՝ ներկայացված փաստաթղթերում երաշխիքներ չեն տեսել, միայն պնդումների են հանդիպել:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց . 

«Մենք  ձեզ հարցնում ենք՝ երբ այդ լրացուցիչ միջոցները պատշաճ լինեն, դուք  ձեր գնահատականները երաշխավորո՞ւմ եք: Դուք ասում եք՝ ոչ: Կառավարությունը չի կարող երաշխավորել, «Լիդիանը» պետք է երաշխավորի: Վերադառնում ենք զրոյական կետ. «Լիդիանն» արդեն երաշխավորել է, հետևաբար ո՞րն է ձեր խնդիրը:

«Համապատասխանության երաշխիքները պետք է տրվեն ծրագրի բոլոր փուլերի կապակցությամբ: Այսօր երաշխիքներ տալը բավականին բարդ խնդիր է: Հայաստանի կառավարությունը կարող է ընդունել այդ երաշխիքները, բայց մենք չենք կարող հաստատել, որ նրանց ներկայիս պլանները կհամապատասխանեն կառավարության պահանջներին»,- ասում են փորձագետները:

«Լիդիան Արմենիա»  ընկերությունում «Էլարդ»-ից փորձում են հասկանալ՝ ծանո՞թ են արդյոք ՀՀ   օրենսդրությանը  և գիտե՞ն, թե որ դեպքում  է  նոր   ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտություն առաջանում:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հստակեցրեց՝ ՇՄԱԳ նոր   փորձաքննություն նշանակվում է,  եթե նախագծի փոփոխություն  է կատարվում: 

Հանքի շահագործման արդյունքում պասիվ մաքրումը բավարար չի լինի՝ պնդում են «Էլարդ»-ում:  Պարզվեց՝ այս հարցի շուրջ  բուռն քննարկում է եղել  «Լիդիան Արմենիա» ընկերության ու Էլարդի փորձագետների միջև: Թթվային դրենաժի գոլորշիացման հետ կապված նույնպես  քննարկումները բուռն են եղել: 

Տվյալների թերիությունը չի նշանակում, որ դրանք թաքցվել են՝ վստահեցնում են Քննչական կոմիտեում: Կառավարության ղեկավարն էլ ընդգծում է՝ եթե «Էլարդ»-ն  ասում է, որ  գոլորշիացման տվայլները չափազանցված են, որն է դրանք ստուգելու բարդությունը:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը  պնդում է՝ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, «Էլարդ»-ում վստահեցնում են՝ իրենց եզրակացությունը անաչառ է:

Շրջակա միջավայրի նախարարությունը  մինչև սեպտեմբերի 4-ը  ժամանակ է խնդրել պատասխանելու հարցին՝ կա՞   արդյոք նոր ՇՄԱԳ փորձաքննություն  անցկացնելու անհրաժեշտություն, թե՞ ոչ:

«ԳԵՈԹԻՄ» ՓԲԸն,  2016 թվականից՝  «Լիդիան Արմենիա» ընկերությունը  2016թ. ներկայացրել է Ամուլսարի շահագործման փոփոխված  նախագիծը, որը  նույն թվականի ապրիլի 29-ին  Բնապահպանության նախարարության կողմից ստացել է  դրական եզրակացություն:  «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸի նախագծին դրական եզրակացություն տվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿը, ինչն էլ հաստատվել է 2016 թվականին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից:

2018 թվականի հուլիսի 20-ին Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button