
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Մարտունի քաղաքի ավտոկայանից քիչ հեռու, պարսպապատ շինության ներսում գործող կարի փոքր արտադրամասում ծնունդ են առնում հայկական հնագույն ազգային զգեստները՝ տարազները: Կարի արտադրամասը սոցիալական ձեռնարկություն է, հիմնվել է հինգ տարի առաջ: Այստեղ աշխատողները սկզբում միայն հաշմանդամություն ունեցող կանայք էին, ապա նրանց միացել են աշխատանքային միգրանտների կանայք: Սկսել են մանկական տրիկոտաժե իրերից, սփռոցներից, աշխատանքային արտահագուստից, հետո անցել տարազներին, ազգային այն հագուստին, որոնք կրել են իրենց նախնիները:

«Մեր տարածաշրջան եկել են Մուշից, Ալաշկերտից և Իգդիրից: Սա տղամարդու և կնոջ Իգդիրի տարազն է: Ամբողջ ասեղնագործությունը մեր մոտ է արված, սա Ալաշկերտինն է, հարսանեկան են բոլորը, գոտիների վրա գրած է՝ ի վայելումն հարսի: Ունենք նաև սրանցից որևէ զարդանախշ ժամանակակից շորերի վրա: Ընդ որում Սվետլաննա Պողոսյանն է մեր ազգագրագետը եղել: Միաժամանակ վերականգնել ենք Տիգրան Մեծի և Լևոն թագավորի բոլոր պալատական զգեստները, որպեսզի երեխաները իրենց ծնունդները թագավորական նշեն, հագնեն թագավորի, թագուհու պալատական զգեստներ»:

Անահիտ Գևորգյանը մեկ-մեկ ներկայացնում է այն տարազներն ու պալատական զգեստները, որոնց հեղինակն ինքն է, կազմել է այնպիսի մոդելներ, որոնք արտահայտում են նաև ժամանակակից միտումներ ու պահանջված են: Տարազները լավագույն լուծումն էին: Ազգագրագետ-հնագետների հետ ուսումնասիրել է մեր նախնիների հագուստները:
«Նրբորեն է մշակված, որ տարազի, որ հատվածում, որ զարդանախշն ինչ նշանակություն ունի: Չի կարելի խախտել, հենց էնպես՝ սա սիրուն է, ասեղնագործել կրծքի հատվածում, սա գեղեցիկ է՝ գոտիի վրա կսազեր, դրանք բոլորն իրենց նշանակությունն ունեն, երբեմն, խառնելը նույնիսկ վտանգավոր է, որովհետև կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Դրա համար մենք անպայման խորհրդակցում ենք ազգագրագետների հետ»:

Մտնում եմ արտադրամաս՝ առաջին սենյակում ասեղնագործող կարի մեքենա է: Սմարթ կամ խելացի մեքենային հրահանգներ տվողը նկարիչ -մոդելավորող Նարինե Ավետիսյանն է: Ընտրում է նախշը, իսկ մեքենան՝ ասեղնագործում:
«Հրահանգը տվել եմ, չափերը տեղադրել եմ, որ ինքը պատրաստի վիճակով ունենա էս չափը: Եթե ունի մի քանի գույնի թելեր, ապա ես ծրագրով ընտրում եմ՝ սկզբից որ գույնը անի, հետո որ գույնը: Կարող է սրա վրա մի քանի գույն օգտագործեմ»:

Այդպես ծնվում են ոչ միայն հագուստի զարդանախշերը, այլև թռչնատառերը: Տարազների վրա ասեղնագործված թռչնատառերը հագնողի վրա ունենում են հմայական ազդեցություն՝ կարծել են մեր նախնիները:
«Ունենք հայկական այբուբենի բոլոր թռչնատառերը՝ իրենց բացատրություններով, ծագումով և հմայական ազդեցությամբ: Ի դեպ, մենք այս մեքենայի համար բավականին բարդ ենք ստացել թռչնատառերը, երևի միայն մենք ունենք»:

Տարազներով տարբերակել են մարդկանց խավն ու հասարակական դիրքը: Թռչնատառերն ու հին հայկական զարդանախշերը փորձել են համադրել ժամանակակից հագուստի հետ և հինը նորովի ներկայացնել: Մտնում եմ հաջորդ սենյակ, այստեղ կարի տարբեր մեքենաներ են, դերձակներն՝ իրենց գործի վարպետը:
Արտադրանքը հանդես է գալիս «Թագանի՝ քո արմատները» ապրանքանիշով: Անահիտ Գևորգյանը որոշել է ընդլայնել գործունեությունը և գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը:
«Այս տարածքը, որ տեսնում եք (ձեռքով ցույց է տալիս հարակից շինությունը), ցանկանում ենք մի քիչ ընդլայնել մեր արտադրությունը, հուշանվերներ նույնպես արտադրել ոչ միայն թռչնատառերով, այլև մեր տարածքի պատմամշակութային արժեքների սիմվոլիկայով, օրինակ՝ Արմաղան լեռով, Սևանա լճով, աստղային քարտեզով, Արփա-Սևան թունելով: Սրանով մենք տուրիստներին կհրապուրենք, այս ձևով նրանք կծանոթանան մեր պատմամշակութային արժեքներին: Կբացենք նաև ստուդիա, որ մարդիկ այստեղ այցելելիս լուսանկարվեն: Ստուդիան նույնպես կկոչվի «Թագանի»:
Բացի Իգդիրի, Ալաշկերտի և Մուշի տարազներից Անահիտ Գևորգյանը պատրստվում է վերականգնել մեր պատմական հայրենիքի մյուս գավառների ազգային հագուստները՝ դարձյալ խորհրդակցելով ազգագրագետների հետ:




