
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Բարձր տրամադրությամբ, երգ ու պարով, արհեստների ու արվեստների քաղաքի բնակիչներն օգոստոսի 25-ին տոնում են քաղաքի օրը:
«Այս տարին տարբերվում է մյուսներից, նախ բարձր է գյումրեցիների տրամադրությունը…»,-ասում է Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:
Տոնական միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտից. «Մենք այնտեղ դրել ենք պարային երաժշտություն, պարային համույթներ, դիմավորում ենք գնացքով եկածներին, իրենք իրենց ճամպրուկները դնում են ու սկսում են պարել մեզ հետ, էնքան են պարում, մինչև երկրորդ գնացքը գա հասնի»:

Արդեն հյուրերի հետ «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով միջոցառման շրջանակում տոնակատարության մասնակիցները տոնը կվայելեն քաղաքի տարբեր հատվածներում ՝ արվեստի դպրոցներում, մանկապարտեզներում ու ճեմափողոցներում, տեղի կունենան բազմազան միջոցառումներ, երաժշտական ու թատերական ներկայացումներ: Այնուհետև տեղի կունենա հիմնանորոգված Շիրազի փողոցի բացումը, կկտրեն կարմիր ժապավենն ու կգնան արհեստների ցուցահանդես վաճառքին»:
«Լրիվ արհեստներն են ներկայացվում, հյուրերը ծանոթանում են մեր արհեստներին, նաև վաճառք ունենք՝ ում ինչ դուր է գալիս, որից հետո գալիս է հացի փուռը, էդ անուշ հացի հոտը թող գա իմ քաղաքից, ու անցորդները, բարձրաստիճան պաշտոնյաները կարող են կտրել այդ հացից, ուտեն մի փոքր», — ոգևորված նշում էՀասմիկ Կիրակոսյանը:

Տոնակատարության մասնակիցների հաջորդ կանգառը Գյումրվա մեծերի տուն թանգարանների բակերում է: «Խոսում են Գյումրվա մեծերը» խորագրով միջոցառման մասնակիցների հետ առաջինը կդխոսի Մհեր Մկրտչյանը.
«Մինչ Մհեր Մկրտչյանի մեզ մոտենալը «Հին օրերի երգի» երաժշտությունն է գնում, /մի փոքր երգում է/ հիշում եք ֆիլմը, այնտեղ ֆիլմի նման 7 զույգ պարում է, այնտեղ նկարվում են հայտնի ֆիլմի շրջանակում, որտեղ Վարդուշն ու Ֆռունզը գլուխները մտցնում նկարվում են, այնտեղից հայտնի բալկոնից դուրս է գալիս Սիրանուշն ու ասում է . «Նկարվեք, նկարվեք, գետինը մտնեք, ձեր մեղրամիսն է, էրեխեքիդ թողել գնացել Վարդուշի հետ ես նկարվում», որից հետո դուրս է գալիս Մհերը, մենք դա ձայնագրել ենք, նմանեցրել ենք խոսքը, ասում է. «Իյա, էս ինչքան էլ ժողովուրդ կա, բարով եք եկել, մեր Տեքստիլի թատրոնը կա՞, ժողովուրդ, թատրոն գնացեք, թատրոն սիրեք, ու պատմում է հուշեր իր քաղաքից…հետո ֆայտոնը գալիս է, ու ասում է. «Վայ, էս Գյումրին մինչև հիմա ֆայտո՞ն ունի, ես ծլնգոցն առա, էրտամ, նստիմ տղեքի հետ էրտամ Արպաչայ», ավարտվում է Մհեր Մկրտչյանի հատվածը դրանով»:

Այնուհետև հյուրերին կդիմավորեն գյումրեցի մյուս մեծերը՝ Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը, նրանք ևս կխոսեն հյուրերի հետ, կպատմեն Գյումրու մասին ու կճանապարհեն Ձիթողցոնց տուն, որտեղ բացի դհոլ զուռնայից, հյուրերը կունկնդրեն նաև Կամերային նվագախմբի կատարումներից.
«Գյումրին մենակ զուռնա ու դհոլ, դուդուկ չէ, Գյումրին ամենաարիստոկրատ ու ամենադասական քաղաքն է եղել, Ալեքսանդրապոլը, սա ուրիշ քաղաք է իր արվեստի թանձրությամբ, հետաքրքիր»:
Տոնական երեկոն կշարունակվի տարբեր համերգաշարերով, կեզրափակվի գալա համերգով ու հրավառությամբ:




