ԿարևորՄշակույթ

Ոչ սովորական կինոփառատոն. մեկնարկում է «Ֆրեսկոն»

Հոգևոր արվեստը՝ փողոցում: 17 երկրի 37 նոր ֆիլմ մինչև օգոստոսի 30ը կցուցադրվի Երևանում ու մարզերում: «Ֆրեսկոն» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը սովորական կինոփառատոն չէ: Այն ոչ ստանդարտ լուծումներ է գտնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստան բերված ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և ներկայացումները դուրս են բերվում կինոդահլիճներից ու բառիս բուն իմաստով մտնում են փողոց:

Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումներն արդեն 6-րդ անգամ՝ օգոստոսի 23-ից մինչեւ 30-ը, կդառնան հայաստանցիների առօրյայի անբաժան մասը:

Սովորական աթոռներին փոխարինելու կգան հատուկ պարկեր, իսկ փառատոնի տեղացի և օտարերկրյա պաշտոնական հյուրերը ավանդական «անհաս հերոսներ»-ից կվերածվեն սովորական հանդիսատեսի եւ մեր կողքին կդառնան կինոաշխարհի ճանաչման մեր ուղեկից-ընկերը: Փառատոնի ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանը բոլորին հրավիրում է ոչ սովորական այս տոնին:

«Փառատոնը կայանում է գաղափարակիցների շնորհիվ ու հնարավորություն տալիս յուրաքանչյուրին  հոգեւոր միջավայրում արվեստի օրեր ապրել»,- ասում է Աննան:

«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ՝ նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվում են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում:

Ամենամյա ավանդույթ դարձած փառատոնի օրհնված հուշանվերները  պատրաստում են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները, եւ հանդիսավոր բացման ժամանակ կբաժանվի ներկաներին:

«Ֆրեսկոն» մասնագիտացված կառույցների հետ համագործակցում է, եւ ոչ միայն այս փառատոնի օրերին, այլեւ ողջ տարվա ընթացքում համագործակցություն կա»,- նշում է Աննան:

Այս տարի փառատոնը կունենա երկու բացում. «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, իսկ օգոստոսի 24–ին կկայանա փառատոնի բացօթյա բացումը՝ Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում, որտեղ Արտո Թունչբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ կհնչի Կոմիտաս: Կատարումներին կմիանան նաեւ  եկեղեցու զանգերը:

Կարդացեք նաև

Back to top button