ԿարևորՀասարակություն

Հանրապետության այլ մարզերում սիբիրյան խոցի դեպք չի գրանցվել

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում նախօրիեին գրանցված սիբիրյան խոցը միակ դեպքն է՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Սա հողային վարակ է, ոը շատ մեծ տարածում չի ունենում: Վարակվում են չպատվաստված կենդանիները: Պետպատվերի շրջանակներում կենդանիները անվճար են պատվաստվում սիբիրյան խոցի դեմ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցրեց՝ սա սիբիրյան խոցի հանրապետությունում գրանցված միակ դեպքն է: «Ոչ այդ համայնքում, ոչ էլ մյուս մարզերում դեպքեր չկան»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը՝ հստակեցնելով՝ անասնատերը հրաժարվել է պատվաստումից, քանի որ կենդանին հղի է եղել, իսկ հղիության ու հյուծվածության ժամանակ սիբիրյան խոցի պատվաստումը չի թույլատրվում կամ չի խրախուսվում:

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանն էլ հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխված հինգ գյուղացիների վիճակը լավ է, երկու օրից նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից:

Նախօրեին առողջապահության նախարարությունը տեղեկատվություն էր ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև):

Հիվանդները նշել էին, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին:

Դեպքերի պատճառահետևանքային կապը գտնելու նպատակով Գեղհովիտ համայնք էին մեկնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները:

Ձեռնարկված աշխատանքների և տեղի առողջապահական կազմակերպության բուժաշխատողների համատեղ շրջայցի արդյունքում ևս 6 հոգու մոտ հայտնաբերվել էր սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Նրանցից 5-ն ուղեգրվել էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց` կլինիկական վիճակի գնահատման նպատակով:

Կարդացեք նաև

Back to top button