
Հասմիկ Դիլանյան
«Ռադիլուր»
Վարչապետը Ջերմուկ չգնաց, ջերմուկցիները եկան Երևան. այսօր նախագահական նստավայրում վարչապետը հանդիպել է Ջերմուկի ու հարակից համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, բնապահպանների ու Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ ակտիվիստների հետ: Մոտ երկու ժամ տևած քննարկումից մասնակիցների մեծ մասը դժգոհ է հեռացել:

Հանդիպումից հետո նրանք հայտարարել են, որ շարունակելու են հանրային քննարկումները: Վաղը, օրինակ, բաց քննարկում են նախաձեռնելու Սարյանի պուրակում:
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Ամուլսարի հարցով այսօրվա քննարկումների ժամանակ լսել է բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: Իր եզրակացությունը խոստացել է ներկայացնել երեկոյան հայտարարությամբ:
Մոտ երկու ժամ փակ հանդիպում վարչապետի հետ՝ նախագահական նստավայրում. Ջերմուկի ու հարակից համայնքների ղեկավաները, ավագանու անդամներն ու բնապահպաններն այսօր հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ ընթացքում ջերմուկցիների մի մասը ավտոերթով Երևան հասավ՝ ի պաշտպանություն Ամուլսարի:

Մոտ մեկ ժամ հետո՝ հանդիպումը չավարտված, քննարկման դահլիճը լքեց բնապահպան Աննա Շահնազարյանը: Նա լրագրողներին փոխանցեց՝ վարչապետը հայտարարել է, որ այս պահին Լիդիանի գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր չկան: Ավելի ուշ՝ քննարկումը չավարտված նախագահականից դուրս եկավ նաև բնապահպան Անի Խաչատրյանը. «Ամուլսարի պայքարը հանուն իրավունքի պայքար է, պայքար՝ ապրելու մաքուր միջավայրում: Սա մեր երկրի պայքարն է ու մինչև վերջ պայքարելու ենք՝ ինչ ուզում է լինի: Ամուլսարը հանք չի դառնալու, սար է մնալու ու թող բոլորը ականջներին օղ անեն»:
Հանդիպումից հետո կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ռադիոլուրին» փոխանցեց . «Կարծում եմ՝ սա հանդիպում էր, քննարկում չէր, որը շատ հիասթափեցնող էր»:
Գնդեվազի բնակիչ Թեհմինե Ենոքյանի հայտարարություններն ավելի կտրուկ էին. «Մենք նիստին ներկա ենք եղել, ու կարող եմ հետևյալը ասել՝ իբրև թե ոչ մի հիմք չկա լիցենզիայից զրկելու: Մենք չորս տարի է դատարաններում ենք ու բոլոր հիմքերն ունենք շահագործման թույլտվությունները ուժը կորցրած ճանաչելու»:
Նազելի Վարդանյանի փոխանցմամբ՝ մասնագետների հետ լուրջ քննարկում տեղի չի ունեցել: «Չնայած հնարավորություն կար, որ մենք մեր պնդումները շատ արագ ներկայացնենք, բայց կարծես որոշված էր, որ ամեն ինչ պետք է արվի քրեական գործի սահմաններում: Քրեական գործն ընթանում է դատավարական նորմերի խախտումներով, և Էլարդի այս ուսումնասիրության հիմա վրա չի կարելի հայտարարել, թե գործը պետք է կարճվի: Ես կսպասեմ ու գործը կարճվելուց հետո իմ իրավական ու փաստաբանական հայտարարությունը կանեմ», -նշեց փաստաբանը:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը հանդիպումն ընդհանուր առմամբ նորմալ գնահատեց. «Կարծում եմ՝ կառավարությունում կան մարդիկ, որոնց համար մածունը սև գույն ունի,այսինքն սևով սպիտակի վրա ուրիշ բան է գրած: Եթե վարչապետը կարդացել է, լավ, եթե այդ ձև են ներկայացրել, ուրեմն այդ մարդիկ համոզված են, որ մածունը սև է: Վարչապետն ուզում է ասել, որ իրեն զեկուցել են՝ Լիդիանի գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր չկան:
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» վստահեցրեց. «Վարչաետը խոստացավ, որ նորից կհանդիպենք, մենք խնդրելու ենք, որ Ջերմուկ գա, երկար պետք է քննարկենք: Խոստացավ, որ անպայման կգա»:

Հանդիպումից հետո վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը փոխանցեց՝ Նիկոլ Փաշինյանը հանքավայրի շահագործման մասին հայտարարություն չի արել. «Վարչապետն ասել է, որ այս պահին դադարեցնելու հիմքեր չկան: Չի ասել, որ պետք է շահագործվի: Ես չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգը ավարտվել է , կսպասենք վերջնականին: Ինչպես միշտ ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու»:
Նախագահականում հանդիպումից հետո բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շարունակելու են հանրային քննարկումները: Վաղը, օրինակ, բաց քննարկում են նախաձեռնելու Սարյանի պուրակում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Ամուլսարի հարցով այսօրվա քննարկումների ժամանակ լսել է բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: Իր եզրակացությունը երեկոյան կներկայացնի հայտարարությամբ:




