ԿարևորՀասարակություն

«Ամուր ընտանիք՝ ծաղկող Կապան». քաղաքը նշել է իր օրը

Սյունիքի մարզկենտրոնում անցկացվել են Կապանի օրվան նվիրված տոնակատարություններ։ Հուլիսի 9-ին՝ Կապանի ավագանու հերթական նիստի ժամանակ որոշվել էր, որ Կապանի օրն այսուհետ նշվելու է յուրաքանչյուր օգոստոս ամսվա երրորդ շաբաթ օրը՝  տեղեկանում ենք  Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես տոնն ուներ իր կարգախոսը՝ «Ամուր ընտանիք՝ ծաղկող Կապան»։ «Կապանի օր» տոնակատարության հիմնական միջոցառումները մեկնարկել են առավոտյան ժամը 9-ին՝ համաքաղաքային քայլերթով։ Ուսանողները շրջել են քաղաքի կենտրոնական հատվածով՝ փուչիկներ և կրծքանշաններ բաժանելով կապանցիներին։

Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում իր օրհնության խոսքն է ասել հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը՝ շնորհավորելով կապանցիներին օրվա կապակցությամբ։
Տոնական օրը շարունակվել է Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, որտեղ հանդիսավոր նիստի ընթացքում կապանցիներին շնորհավորել են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

«Քաղաք Կապանը իրականում ոչ թե քաղաքաշինական բնորոշմամբ շենքերի ու կառույցների անշունչ համայնապատկեր է , այլ այստեղ բնակվող անձանց ու նրանց ընտանիքների կենդանի օրգանիզմ, որը շնչում է, ունի հոգի և բնութագրվում է որպես մի մեծ ընտանիք , որը ունի ինչպես նյութական բավարարվածության, այնպես էլ հոգեկան ներդաշնակության և բարեկեցության իրավունք: Կո՛չ եմ անում բոլորին, հաստատուն պահել հասարակության հիմքը հանդիսացող ընտանիքի ամրությունը, քանզի միայն դա կարող է նպաստել և լինել մեր օր օրի ծաղկող և շենացող քաղաքի գրավականը:»,- իր խոսքում նշել է Գ․Փարսյանը։

Օրվա երկրորդ կեսին կապանցիները վայելել են մշակույթի կենտրոնի ժողնվագարանների անսամբլի մենահամերգը՝ գունեղ հնչողությամբ, «Կապան» համույթի և «Առիթմիա» խմբի կատարումները։ Համերգին, այլ կատարումներից զատ, նաեւ Կապանին նվիրված նոր երգեր են հնչել։

«Ամուր ընտանիք՝ ծաղկող Կապան» խորագիրը կրող օրը ավարտվել է Գարեգին Նժդեհի անվան հրապարակում կայացած գալա համերգով՝ Reincarnation խմբի մասնակցությամբ։ Համերգի ավարտին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հայտարարել է վիճակահանության արդյունքում ընտրված հաջողակ քաղաքացու անունը, որը շահել է ուղևորություն դեպի Եգիպտոս։ Տոնական օրը եզրափակվել է աննախադեպ շքեղ հրավառությամբ և դիսկոտեկով։

Կարդացեք նաև

Back to top button