ԿարևորՀասարակություն

«Շամշադինի մեղրի և հատապտուղների» փառատոնի երկօրյա անցուդարձը

«Շամշադինի մեղրի և հատապտուղների» փառատոնն արդեն 8-րդ տարին է, ինչ համախմբում է Բերդի տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչներին: Մասնակիցներն այցելուներին ներկայացրել են տարածաշրջանի մեղրն ու Տավուշի անտառներից հավաքած հատապտուղները՝ մոռ, մոշ, հապալաս, խոտաբույսեր և ձեռագործ աշխատանքներ։

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերն էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։
Բերդում էին նաև ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

«Շամշադինի մեղրի և հատապտուղների» փառատոնի հիմնադիրը մարզպետ Հայկ Չոբանյանն է։

«Յոթ տարի և յոթ անգամ ես բացել եմ այս փառատոնը այլ կարգավիճակով: Այսօր ուրախ եմ ութերորդ անգամ բացել այն միանգամայն նոր կարգավիճակով: Ինչու՞. որովհետև այսօր մենք զբաղված ենք այն երազանքների և նպատակների իրականացմամբ, որոնք դրված են եղել այս փառատոնի հիմքում: Ես շատ ուրախ եմ, որ այսօր Բերդը, այս գեղատեսիլ այգին ավանդաբար մարդաշատ են, ուրախ ու պայծառ: Ուրախ եմ, որ համայնքի բնակիչները բարձր տրամադրությամբ ներկայացնում են իրենց աշխատանքը»,- բացման իր խոսքում ասել էմարզպետ Հայկ Չոբանյանը։

Հայկ Չոբանյանը հյուրերի հետ շրջել է բոլոր տաղավարներով, նրանց ծանոթացրել շամշադինյան մեղրի արտադրությանը, հատապտուղներին, խոտաբույսերին և ուտելիքներին։

Փառատոնի երկու օրերին ելույթներով և կատարումներով հանդես են եկել  «Տավուշ» հայրենակցական միության նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ ավանդական «Ջազը սահմանին» համերգային ծրագրով, Ռուբեն Հախվերդյանը, ասմունքի վարպետ Սիմոն Եսայանը, պարային խմբեր և անհատ կատարողներ՝ Բերդից, համայնքի տարբեր բնակավայրերից, Իջևանից, Դիլիջանից և Նոյեմբերյանից: Այնուհետև վրանային ավանում տեղի է ունեցել կիթառի երեկո՝ Բարդերի մասնակցությամբ։ Փառատոնի ավարտին կազմակերպվել է ավանդույթ դարձած մեղրով տորթերի մրցույթ։ Մրցույթի հաղթողները ստացել են պատվոգրեր և նվերներ։

Կարդացեք նաև

Back to top button