
Ավելի քան 5 տարվա ընդմիջումից հետո Կադաստրի կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը։ Ինչպես տեղեկացնում է Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջը, անձամբ Սարհատ Պետրոսյանը, որն ի պաշտոնե հանձնաժողովի նախագահն է, գերատեսչության գործունեության առաջնահերթությունների շարքին է դասում այս գործընթացը:
Ընդգրկված են հայտնի գիտնականներ «տեղանուններին» սերտորեն առնչվող ոլորտներից, մասնագետներ Կոմիտեից և նրա «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ից։
Առաջին նիստի օրակարգում առաջինը Երևանի Բաղրամյան 26 շենքը Հանրապետության տուն կոչելու հարցն էր, որի առիթով հանձնաժողովին դիմել է Երևանի քաղաքապետարանը, իսկ վերջինիս՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Մասնագիտական հաձնաժողովն այս հարցում առարկություններ չունի։ Իսկ վերջին խոսքը, այս դեպքում, քաղաքապետարանինն է, բնակավայրերի դեպքում՝ ՀՀ Ազգային ժողովինը, իսկ ֆիզաշխարհագրական տեղանունների դեպքում՝ ՀՀ կառավարությանը:
Հանձնաժողովականները «դրական վիզա» է տվել նաև Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի անվանումից «Էջմիածին» բառը հանելու վերաբերյալ առաջարկությանը։ Հարցը պայմանավորված է Էջմիածին մայր տաճարի անունը եզակի պահելու ցանկությամբ (Կադաստրի կոմիտեն հարցադրումը համաձայնեցրել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգևոր և վարչական կենտրոնի հետ):
Հանձնաժողովը չի առարկել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ (Կամո) համայնքի Գավառ (Կամո) քաղաք-բնակավայրի անվանումից հանվի «Կամո» բառը, քաղաքը պաշտոնապես կոչվի պարզապես Գավառ, սակայն նպատակահարմար չի համարում առաջարկված Նոր Բայազետ տարբերակը։
Անվանակոչման կամ անվանափոխման առաջարկներն, ըստ օրենքի, ներկայացնում է ցանկացած անձ։ Այդ իսկ կարգով քննարկվել են Մեղրաձոր համայնքի Ուլաշիկ տեղամասի մոտակայքում գտնվող երկու լեռները Ակնալեռ և Բացառիկ անվանակոչելու, Արագածոտնի մարզի Ուջան համայնքը՝ Վժան, Արագածոտնի մարզի Արտաշատավան համայնքը և բնակավայրը՝ Արտաշավան, Արարատի մարզի Խաչփառ համայնքը և բնակավայրը Խաչափար անվանափոխելու հարցերը։
Ոչ բոլոր դեպքերում են հանձնաժողովի մասնագետներն ընդհանուր հայտարարի եկել, և կոնկրետ հարցերի քննարկմանը զուգահեռ ի հայտ են եկել նրանց միակ սկզբունքային տարաձայնությունը՝ անուն ընտրելիս կամ փոխելիս առաջնայինը տեղի բնակչությա՞ն, թե՞ նրա ընտրած տեղական մարմնի դիրքորոշումն է:
Կարծիքների նման բաժանումն ավելի է հաստատել միտքը, որ հանձնաժողովի առաջիկա նիստում օրակարգային կդառնա այս սկզբունքային հարցի շուրջ նաև օրենսդրական հակասությունների շուրջ առաջարկների մշակումը։
Հաջորդ նիստի օրակարգում կներառվի «Գեոդեոզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի քարտեզագրության բաժնի պետ Յուրի Վարյանի երկարատև աշխատանքի արդյունքը՝ Տավուշի մարզի աշխարհագրական անվանումների վերաբերյալ։




