ԿարևորՀասարակություն

Ջրաձորում արդեն 30 տարի սպասում են «հաջորդ տարվան»

Սաթիկ Իսահակյան
«Ռադիլուր»

Ջրաձորի տեղափոխման  խնդիրը դրված էր դեռ 80-ականների սկզբներից:  

Կապսի ջրամբարի կառուցումը ջրաձորցիների համար դարձել է երազանք: Ջրամբարի կառուցմամբ է պայմանավորված նրանց հետագա կեցությունը՝ կշարունակեն ապրել վթարային կիսավեր շինություններում, որոնք ժամանակավոր կացարաններ են,  թե վերջապես կտեղափոխվեն և կունենան սեփականության իրավունքով բնակարաններ:

«Սեփականաշնորհված բնակարաններ չունինք, բայց հող ու տարածքներ ունինք»: «Մեր մոտը կադաստրային ոչ մի բան չկա, բացի հողերից, տներինը չտվեցին էն ժամանակ, չէին տա»:

Սեփական բնակարան ու շինություն չունեն, քանի որ 1985թ-ից, Կապսի ջրամբարի շինարարության  աշխատանքներին զուգընթաց,  խոսվում է  Ջրաձոր գյուղի  տեղափոխման մասին, որը ջրամբարի առկայությամբ կարող է հայտնվել բարձր խոնավության և  ջրածածկման գոտում:  1985-ից անցել է 34 տարի,  հողե շաղախով և գերանե առաստաղներով կառուցված տների մի մասը  երկրաշարժից փլուզվել էր: Հռիփսիկ Սրապյանենց տունն էլ էր հավասրավել հողին, սկզբում ապրել են տնակում, հետո տեղափոխվել կիսավեր մի տուն, որտեղ նախկինում ադրբեջանցի հովիվներ էին ապրել.

«Շատ շուտվա գյուղ է, բոլորինը փետի ծածկ է, փետե ծածկը, դուք գիտեք, օրա մի քիչ կրակ կեղնի՝ պաժառ գընկնի: Հնարավոր չէ, սաղ փտել է փետե ծածկս: Տաշտը դրել ենք, օր անձրևին կաթա, գարդիրոբը չփտի: Սաղ ավիրվել է, սաղ, տեղ չունինք»:

Վթարային կիսավեր տներում ապրող ջրաձորցիներն  անօթևաններ են, իրենց խոսքով՝ օդից կախված: Ամեն տարի պատկան մարմիններից լսում են՝ «Հաջորդ տարի Կապսի ջրամբարի շինարարությունը սկսում են» արտահայտությունը, մինչև հիմա սպասում են հաջորդ տարվան, իսկ  յուրաքանչյուր եկող տարվա հետ ոչ թե հուսադրվում, այլ հուսալքվում են:  

«Խոստումներ կուդան՝ գյուղը կսարքեն,  30 տարի խոստում տվեցին, բայց սայլը տեղից չշարժվավ»:

Գյուղը չի տեղափոխվում, շինարարության թույլտվություն չեն տալիս և  շատերը շարունակում են ապրել միջնադարյան մարդկանց կեցության կարգավիճակով: Երկրաշարժից հետո 31 ընտանիք չի ստացել բնակարանը կորցնելու փոխհատուցումը: Գյուղից մի մասն արտագաղթել է: Համայնքի վարչական ղեկավար Գևորիկ Հովակյանն ասում է, որ բնակավայրի  տեղափոխման համար համայնքի ավագանու որոշմամբ  հատկացվել է 40 հա հողատարածք, որ գտնվում է ձորի մյուս կողմում.

«40 հա-ի մեջ կա և պահուստային, և սեփական հողեր, սեփականը՝ մոտ 14-15 հա է, արանքներն էլ վարձակալած հողեր են»:

Երկու  տարի առաջ իրականացվել է ջրամբարի կառուցման  հետազոտական աշխատանքները, ուսումնասիրել են  նաև բնակավայրի համար նախատեսված հողատարածքը: Վարչական ղեկավարը ենթադրում է, որ շինարարությունը կսկսեն հաջորդ տարի՝ 2020թվականին:

Գյուղի ծխամատյանում գրանցված է 82 տնտեսություն, որից մի քանիսը հրաժարվել է  տեղափոխվել,  ըստ Գևորիկ Հովակյանի՝բնակարան ձեռք բերելու նպատակով հնարավոր է նրանց  դրամական փոխհատուցում տրվի: Խնդիրը դեռ քննարկվելու է, իսկ  տարածքում գտնվող  հողերի սեփականատերերին առանց սեփականաշնորհված հողի չեն թողնի՝ կհատկացնեն  պահուստային ֆոնդից:  Ջրաձորում մի քանի տներ են վերանորոգված, այդ թվում նաև վարչական ղեկավարի տունը. «Շատվոր էինք, ութ-ինը հոգի էինք, էլ հնար չկար, դրեցի՝ ավելացրի»:

«Իմ պատիցս դրսից-ներս երևացել է, ես չէի կռնա սպասեի, թոռնիկ պտի ունենայի: Ես հարմարցրել եմ, փակել եմ, 3-րդ շարք եմ շարել պատիս դեմն, օր կըռնանայինք, տեղավորվեինք: Չորս կողմերը շինարարություն գնաց, սարքեցին, մերը մնաց էսպես օդից կախված: Մեր դժբախտության պատճառը Կապսի ջրամբարն է»:

Կան նաև տնակներում ապրոցներ, բացի դա գյուղի գրեթե  բոլոր շենքերը 3-րդ կամ 4-րդ  աստիճանի վթարային են, ներքին կոսմետիկ հարդարանքի  ծախսն ապարդյուն է:

Կապսի ջրամբարի կառուցապատման աշխատանքները վերսկսվելու են հաջորդ տարվա գարնանից՝ ասում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և կարևորում Ջրաձոր բնակավայրի  տեղափոխումը.

«Հավանաբար գարնանը կվերսկսեն ջրամբարի շինարարության կառուցապատման  աշխատանքները: Նախագծային առաջին փուլում նախատեսվում է 26 մլն խմ-ի համար: Քանի որ Ջրաձորում խոնավությունը  բավականին կբարձրանա և ռիսկերը կբարձրանան, նաև ազգաբնակչության շահերից ելնելով՝  այս փուլում քննարկելու են գյուղի տեղափոխման հարցը»:

Կապսի ջրամբարի պատվարը հետագայում ավելի կբարձրացվի՝ ծավալը հասցնելով  մինչև 60 մլն խմ-ի: Շիրակի մարզպետը տեղեկացրեց, որ Կապսի ջրամբարը ծառայելու է Շիրակի և Արագածոտնի մարզի Թալինի տարածքի  հողերը ոռոգելի դարձնելու համար: Ջրաձորցիները սպասում են նոր բնակավայրի կառուցմանը:

Կարդացեք նաև

Back to top button