
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի 5-րդ սերունդը սեպտեմբերի մեկից նոր շունչ կհաղորդի Լոռու մարզի տասնյակ դպրոցների կրթական կյանքին:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով անցած տարի 6 մարզերի 52 դպրոցներում ներկայացվել էին շնորհալի երիտասարդներ, որոնք որպես ուսուցիչներ աշխատանքի էին անցել մասնագետների առավել մեծ կարիք ունեցող հայաստանյան տարածաշրջաններում: Այս տարի այդ ցուցանիշը զգալիորեն ավելացել է, և ամենամեծ թիմը ներկայացվել է Լոռու մարզում:
Ծրագրի 5-րդ սերնդի նորամուտի տոնական միջոցառումը տեղի է ունեցել Ստեփանավանի մշակույթի տանը, որին ներկա են եղել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ և, իհարկե, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը` տեղեկացնում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ողջունել է երիտասարդ նորընծա ուսուցիչներին, նրանց մաղթել մանկավարժական բեղուն գործունեություն և վստահեցրել, որ կրթության ոլորտը լրջագույն ուշադրության է արժանանալու անձամբ իր և մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության կողմից, պատրաստակամ են աջակցելու ցանկացած հարցում, հարկավոր է ընդամենը մշտական կապի մեջ լինել մարզպետարանի աշխատակազմի հետ՝ վստահ լինելով, որ ցանկացած խոչընդոտ անհրաժեշտ միջամտությամբ արագորեն կհարթվի:
Բարի երթ մաղթելով երիտասարդներին՝ մարզի ղեկավարը նրանց հորդորել է ապրել ու աշխատել մանկավարժին հատուկ բարոյական ու մարդկային վեհ գաղափարներով՝ նպաստելով ուսուցչի բարի համբավի վերակերտմանը:
Ելույթ ոն ունեցել նաև ծրագրի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը, դպրոցների տնօրեններ, երիտասարդ ուսուցիչներ:
Արմավիրի մարզի Գետաշենի ագրոդպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը ողջունելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի 5-րդ սերնդի ուսուցիչներին՝ հիշել է նախաձեռնության առաջին քայլերի մասին, երբ բոլորը վերապահումով էին մոտենում գաղափարի հաջողությանը, սակայն տարիների ընթացքում երիտասարդ մանկավարժներն ու ծրագրի հմուտ թիմը հաստատել են, որ կրթության ոլորտում երբևէ իրականացված ամենաարդյունավետ նախագծերից մեկը հենց «Դասավանդի՛ր, Հայաստանն» է:
Ելույթներին հաջորդել է երիտասարդների երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո բոլոր մասնակիցները կրկին կատարել են իրենց ավանդական միասնական պարը:
«Դասավանդիր, Հայաստան»-ի մասնակիցներն այն երիտասարդներն են, ովքեր մեկնում են համայնքներ՝ դասավանդելու դպրոցներում և նպաստելու կրթական համակարգում ամենամեծ խնդրի լուծմանը՝ կրթական հնարավորությունների հավասարության ապահովմանը, որպեսի հանրակրթությունը հասանելի լինի Հայաստանի բոլոր երեխաներին: Ուսուցիչները տեղաբաշխված են այն դպրոցներում, որտեղ կա համապատասխան ուսուցիչների պակաս:




