
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Զրո ուշադրություն, ոչ մի արձագանք. «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ հիշելով 6 տարի առաջ գլխավոր դատախազություն ուղարկած իր դիմումը:
Դեռևս 2013թ. դեկտեմբերին նա դիմել էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ամերիկահայ գործարար Պավել Անդերսոնի՝ «ՀԵՏՔ»-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին ընթացք տալու պահանջով:
Այդ հրապարակման մեջ Ադերսոնը խոսում է դատավորներին ու պաշտոնյաներին տված կաշառքների մասին:
«Այդ փաստերի հաստատման դեպքում շատ դատավորներ պետք է հայտնվեն ճաղերի հետևում, իսկ չհաստատվելու դեպքում Անդերսոնը պետք է պատասխանատվություն կրի սուտ մատնության համար», — դիմումում գրել է Գյոզալյանը:
Փաստաբանը հույս ունի, որ նոր հանգանաքներում այդ փաստերն ուշադրության առարկա կդանան: Քրեական գործի հարուցումը կլինի ՄԻԵԴ վճռի տրամաբանական շարունակությունը ՝ ասում է փաստաբանը ու ընդգծում՝ ՀՀ քաղաքացիները պետք է ստանան այդ հարցի պատասխանը:
«Ի վերջո պետք է իմանանք՝ ճի՞շտ էր ասում Պավել Անդերսոնը, եթե այո, ապա ինչ գործ ունեն այդ մարդիկ մինչև ազատության մեջ: Եթե ճիշտ չէր ասում, ապա պետք է Անդերսոնի նկատմամբ գործ հարուցվի սուտ մատնության հիմքով»:
Փաստաբանի հետ զրույցի մյուս մանրամասները՝ հարցազրույցում:
Անդերսոնի հայտարարությունները ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի դեմ ՄԻԵԴ վերջին վճռից հետո, որով Եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է 1 միլիոն 600 հազար եվրո վճարել Հայաստանի 83-ամյա քաղաքացի Յուրի Վարդանյանին։
Սա մինչ այժմ կայացված վճիռներով սահմանված փոխհատուցումներից ամենամեծն է:




