
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Վերջին շրջանում խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների գործունեության ոլորտում զարգացումները հակասական գնահատականներ են ստանում: Լրագրողները հետհեղափոխական շրջանում շարունակում են բողոքել, որ պետական մարմիններից տեղեկություններ հայցելիս բախվում են լուրջ խնդիրների։
Ընդհանուր առմամբ, 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 151 դեպք։
Առաջիկայում լրատվամիջոցներն ավելի հաճախ կհայտնվեն դատարաններում, քան, օրինակ, 2010-2014 թվականներին միասին վերցրած։
2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում ԶԼՄ-ների դեմ զրպարտության և վիրավորանքի հիմքով 91 հայցադիմում է մուտք արվել դատարաններ: Այսպիսի վիճակագրությունն անհանգստացնող է, ասում է մեդիափորձագետ Աղասի Ենոքյանը:
«Լրատվամիջոցի դեմ հայցը ենթադրում է լրացուցիչ ժամանակի կորուստ, լրաչուցիչ գումարների կորսուտ, ինչի նկատմամբ լրատվամիջոցները շատ զգայուն են: Ես կարծում եմ այս դեպքերը լրատվամիջոցների ճնշելու փորձեր են»։
Լրատվամիջոցի դեմ հայց ներկայացնողները, որպես կանոն, նաև 1 կամ 2 միլիոն դրամի ֆինանսական պահանջ են ներկայացնում, ինչը որոշ լրատվամիջոցների կարող է փակման տանել։ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի համար իրավիճակը եւս մտահոգիչ է, բայց տեղեկությունը, որ աննախադեպ թվով՝ 91 դատական գործ կա ԶԼՄ-ների դեմ, կոմիտեի նախագահը ճշգրտում է:

Այդ 91-ի մեջ կրկնվող գործեր կան, որոնք հաշվվել են՝ որպես առանձին հայցեր: Մելիքյանի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում 56 գործ կա՝ լրագրողների ու ԶԼՄ-ների ներգրավվածությամբ:
«19 դեպքում շարքային քաղաքացիներ են, եւս 19 դեպքում հայցվորները քաղաքական գործիչներ
են, պետական պաշտոնյաներ, 7 դեպքում գործավարներ ու անհատ կազմակերպություններ են,
3 դեպքում ՀԿ-ներ, 2 դեպքում դատավորներ, 2 դեպքում փաստաբաններ, 2 դեպքում էլ ԶԼՄ-ներն
են դիմել դատարան ընդդեմ պետական մարմինների»։
2019-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 151 դեպք։ Դրանցից 2-ը ֆիզիկական բռնությունների փաստեր են, 83-ը՝ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքեր, 66-ը՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ։
Ընդհանուր առմամբ խոսքի ազատության ցուցանիշները վերջին կիսամյակում բավական հակասական են, ինչը արտացոլվել է նաեւ միջազգային կազմակերպությունների գնահատականներում: Օրինակ՝ եթե «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը առաջընթաց է նկատել, ապա «Freedom House»-ը առաջընթացի մասին չի խոսում եւ բավական զուսպ է հետիշխանափոխության շրջանում խոսքի ազատության մասին իր գնահատականներում:




