ԿարևորՀասարակություն

Ձորագյուղում դեմ են համայնքների խոշորացմանը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Համայնքների վարչատարածքային բարեփոխումները հասնելու են նաև Մարտունու շրջանի գյուղեր: Առաջարկվող փնջային տարբերակը մերժվել է Գեղարքունիքի  մարզի 51 համայնքում  և առաջարկվել շրջանային ձևը, որ խորհրդային տարիներին ևս ընդունելի է եղել: Ձորագյուղում դեմ են խոշորացմանը, բայց համաձայնել են շրջանային ձևին:

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղն առաջին հայացքից կանաչապատ, երկար ձգվող ասֆալտե ճանապարհով, գեղեցիկ կառուցված տներով բարեկարգ համայնք է, որն ունի զարգացած ենթակառուցվածքներ: Համայնքների վարչատարածքային բարեփոխումներով նախատեսվել է Ձորագյուղը միավորել հարակից Երանոս և Վարդաձոր համայնքներին. 

«Մեր գյուղը շատ մեծ գյուղ է, ընչի են միացնում: 5000 –ից ավել բնակչություն ունենք, դրել, ասում են՝ խոշորացնենք, իրեք գեղն էնինք  մեկ, կենտրոնն էղնի չգիտեմ ո՞ր գեղ: 5000 ազգաբնակչություն ունեցող գյուղին պիտի խոշորացնե՞ն, էդի ո՞նց կարելի է անել»:

Խոշորացման վերաբերյալ Ձորագյուղում  հանրային լսումներ են կազմակերպվել  և նշվել համայնքների միավորման տարբերակները՝ փնջային, երբ Վարդաձորը, Երանոսը և Ձորագյուղը միանալու են, դառնալու Երանոս համայնք՝ Վարդաձոր կենտրոնով, և շրջանային մոդելը, երբ բոլոր գյուղերը միավորվում են Մարտունի համայնքին, կենտրոնը դառնում Մարտունին:

Համայնքների խոշորացման փնջային մոդելն իրենց սրտով չէ,  նշում են իրենց գյուղի առավելությունները՝ աշխատում են ու ստեղծում, մյուսներն էլ թող հետևեն իրենց օրինակին: Մեջբերում են տարիներ առաջ իրենց գյուղերի միավորման օրինակը.

«Ծակքար գյուղ կա, շատ աղքատ գյուղ էր, ոչ մի բան չունեին,  բերին միացրին մեր գյուղին, հետո տարիներ անցան նորից բաժանեցին, մեր ունեցվածքը հավասար կիսեցին, տվեցին Ծակքարին»:

Ձորագյուղում ասում են, բացի զարգացած ենթակառուցվածքներից իրենք տարբեր մշակույթների կրողներ են, ունեն տարբեր ավանդույթներ, որն անհամատեղելի է միավորման դեպքում:

Համայնքների խոշորացման վերաբերյալ հանրային քննարկումներ են կազմակերպվել բոլոր միավորվող գյուղերում, լսել են բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները: Մարզի 51 համայնքում վարչատարածքային միավորման հանրային  քննարկումներին մասնակցել է նաև մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը,  նա նույնպես կողմ է կառավարման շրջանային ձևին:

ՏԻՄ վարչության պետի խոսքերով ՝ համայնքների միավորումը  դրական կողմեր ունի, նպատակը համայնքների համաչափ զարգացումն է. մեջբերում է Սեմյոնովկա գյուղի օրինակը, երբ համայնքապետարանը  սեփական եկամուտներից ու պետությունից տրվող դոտացիայից վճարվում է աշխատավարձ:

Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներից ամենաօրինակելին,  ըստ Վանիկ Հարությունյանի,  Շողակաթ համայնքն է, որի մեջ ընդգրկվել է 6 համայնք՝ 3364 բնակչով: 6 միավորված հանմայնքի բնակչության թիվը միայն Ձարագյուղի բնակչության  թվի կեսից քիչ ավելին է.

«Շողակաթ խոշորացված  համայնքում՝  Դրախտիկից մինչև Ծափաթաղ, տարբերությունն ակնհայտ է, բոլոր համայնքներում սուբվենցիոն ծարգրեր են իրականացվել, մանկապարտեզներ են արդեն բացվել, նախակրթարաններ, համայնքներում  խմելու և ոռոգման ջրագծեր են անցկացվել: Ջիլ համայնքի նախկին վարչական շենքն ուղղակի անմխիթար վիճակում էր, հիմա վերակառուցվել է, հրշեջ ծառայության լրացուցիչ կետ է բացվել»:

Խորոշացման նպատակը հանրությանը որակյալ ծառայությունների մատուցումն է,  պետք է տնտեսել ռեսուրսներն ու արդյունավետ կառավարում իրականացնել,  եզրափակում է Վանիկ Հարությունյանն ու ավելացնում՝ համայնքների միավորումը ոչ ուղեղային մորմոք է,  ոչ հոգու ցնորք, ոչ էլ մեկը երազ է տեսել: Այն ինքնանպատակ չէ:

Կարդացեք նաև

Back to top button