
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Հայաստանում ավտոմեքենաների ներկրման բում է, ինչի հետեւանքով մաքսատներում մեծ կուտակումներ են: Պատճառը մաքսային դրույքաչափերի սպասվող բարձրացումն է: 2020-ից ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը, որոնք թանկացնելու են ավտոմեքեների ներկրումը:
Դեռ տարեսկզբից, կանխատեսելով Հայաստան ավտոմեքենաների ներմուծման հավանական աճը, Նորագավիթի ավոտմաքսատանը տեղակայված բաժինների համար սահմանվել էր 6-օրյա աշխատանքային շաբաթ, աշխատանքի էին ընդունվել 5 ձեւակերպող տեսուչ եւս:
Լրացուցիչ ռեսուրսների ներգրավումը, սակայն , խնդիրը չի լուծել. հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետից սկսած ավոտմեքենաներով «լցված» քարշակների մեծ կուտակումներ են մինչեւ Երեւան:
Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին ասում է՝ մեկ քարշակի վրա 10 մեքենա է, իսկ մեկ քարշակի հետ կապված ամբողջ գործընթացը 100-150 րոպե է տևում: Նշում է, որ տեսուչների թիվը մեծանալու կարիք ունի:
«Մոտ 7 տեսուչ նվազագույնը պետք է ավելանա գոնե պիկ ժամերի»,- ասում է Գեղամ Վանունին:
Այս մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020 թվականից ԵԱՏՄ մաքսային միասնական դրույքաչափերին անցում կատարելու հանգամանքով:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նախ նկատում է, որ ստեղծված իրավիճակը ավելի քան սպասելի էր, նշում է նաև, որ պետությունը այսքան ավտոմեքենաների մուտքին պատրաստ չէր: Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա այս հոսքը մեր տնեսության վրա:

«Ընդհանուր առմամբ ազդեցությունը դրական է, սակայն ունի բացասական կողմեր եւս: Մենք խնդիր ենք ունենալու դրամի կտրուկ արժեզրկման:Այս պարագայում մեր արտահանողներն են տուժում, այսինքն՝ տնտեսության մի ճյուղի վիճակը լավանում է, մյուսինը՝ վատանում»,- նշում է Պարսյանը:
Իրավիճակին պետք է համալիր ու ամբողջական նայել, ու չխոսել միայն ավտովաճառողի տեսանկյունից: Տնտեսության վրա դրական ազդեցությունը եկամուտների տեսքով չպետք է կենտրոնանա մեկ կամ մի քանի վաճառողի ձեռքում:
Շահավետ բիզնեսում շատերը հարկային դաշտից խուսափելու ձեւերը լավ գիտեն, դա էլ պատճառ է, որ ստեղծված իրավիճակը շահութաբեր լինի մեկ կամ մի քանի տասնյակ վաճառողի համար՝ շարունակում է Պարսյանն ու նշում այն երեք քայլերը, որ պետք է անի պետությունը եկամուտներն իր ձեռքում կենտրոնացնելու համար:
«Առաջին՝ ապրանքային բոլոր գործարքները հնարավորիս պետք է վերահսկվեն, երկրորդ՝ մաքազերծման ծառայությունները պետք է ապակենտրոնացվեն եւ երրորդ՝ սահմանափակումներ պետք է դրվեն ներկրվող մեքենանների որակի, տեսքի ու վիճակի հետ կապված»,- նշում է Պարսյանը:
Ըստ մասնագետների՝ մինչեւ տարեվերջ իրավիճակն ավելի կբարդանա կուտակումների տեսանկյունից, միայն մինչեւ այս ամսվա վերջ ներկրված մեքենանների քանակն էլ կանցնի 70 000-ը:
Թե դրանցից քանիսը կիրացվեն ներքին շուկայում, քանիսը դուրս կգան Հայաստանի սահմաններից ու քանիսը կմնան ՀՀ տարածքում, քննարկման այլ թեմա է: Առայժմ ակնհայտ է, որ մարդիկ շտապում են ու փորձում հասցել մինչեւ տարեվերջ մեքենա գնել:




