
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Արգելել այլ մարզերի անասունների մուտքը Վայոց ձոր. Գյուղատնտեսությունը, հատկապես անասնապահությունը, վտանգված է. այսօր հայտարարել է Վայոց Ձորում անասնապահությամբ զբաղվող Տիգրան Եղոյանը: Նրա խոսքով՝ մարզում արդեն մի քանի ամիս կենդանիները վարակված են բրուցելիոզով, նույնիսկ վարակված ընտանիք կա: Իսկ պատկան մարմիններն, ըստ ֆերմերի, քայլեր չեն ձեռնարկում:
Գյուղատնտեսությունը, հատկապես անասնապահությունը, վտանգված է. այսօր հայտարարել է Վայոց Ձորում անասնապահությամբ զբաղվող Տիգրան Եղոյանը: Նրա խոսքով՝ մարզում արդեն մի քանի ամիս կենդանիները վարակված են բրուցելիոզով, նույնիսկ վարակված ընտանիք կա: Իսկ պատկան մարմիններն, ըստ ֆերմերի, քայլեր չեն ձեռնարկում:
Արդեն մի քանի ամիս Վայոց ձորի մարզում անասունները վարակված են բրուցելիոզ հիվանդությամբ՝ հայտարարում է ֆերմեր Տիգրան Եղոյանը: Վայոց Ձորի անասնաբուժական ծառայության լաբորատոր փորձաքննությունն է ախտորոշել վարակիչ հիվանդության առկայությունը: Կան նաև համայնքներ, օրինակ, Քարագլուխը, որտեղ հիվանդությամբ վարակվել են մարդիկ:
«Հիվանդությամբ տառապող անասուններին մարդիկ տանում են Մարտունու շուկա ու վաճառում, իսկ մսավաճառները գալիս են, այդ միսը տեղափոխում Երևան և մեր ազգաբնակչությանը մենք հրամցնում ենք այդ տեսակ մսամթերք»:
Ֆերմերն իր ֆերմայում վերջերս 50 այծի սպանդ է իրականացրել: Ըստ նրա՝ վարակի պատճառը գնված նոր այծեր են, որոնցից վարակը փոխանցվել է իր տնտեսության կենդանիներին:
«Ես հրավիրել եմ բոլոր մասնագետներին իմ տնտեսություն: Մոտ 3մ փոս եմ փորել ու 50 կենդանի թաղել այդտեղ: Սա բացառիկ երևույթ էր»:
Վայոց Ձորի անասնաբուժական ծառայության պետը «Ռադիոլուրի» հետ զրույցում չհերքեց վարակի առկայությունը:
«ֆերմաներում, կոլտնտեսություններում ոչ բոլորում, սակայն բրուցելիոզ կա: Հիվանդ կենդանին ենթարկվում է հարկադիր սանիտարական սպանդի տեսուչի և անասնաբույժի մասնակցությամբ, որից հետո արդեն իրականացվում է ախտահանություն»:
Թե որ համայնքներում է տարածված հիվանդությունը, ծառայության պետը չցանկացավ բարձրաձայնել, իսկ Սննդի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ֆերմեր Տիգրան Եղոյանի հայտարարությունն ահազանգ է:

«Այս պահին արված հայտարարություններն ընդունում ենք ահազանգ: Կփորձենք ճշտել, թե դա որքանով է համապատասխանում իրականությանը: Մեր մասնագետներին հիմա արդեն կուղարկենք Քարակերտ՝ հասկանալու, թե ինչ է կատարվել»:
Ֆերմերը բարձրաձայնեց նաև շուկաներում տիրող իրավիճակի մասին: Գյուղացիները, օգտվելով, անվերահսկելի վիճակից, վաճառքի են հանում վարակված կենդանիների, որոշ շուկաներում՝ նույնիսկ սատկած կենդանու միսը: Օրինակները շատ են՝ հայտարարում է ֆերմերը:
«Մարտունու շուկայում անվերահսկելի իրավիճակ է: Վարդավառ է մոտենում, մարդիկ գալիս են գառի միս գնելու , բայց հավատացնում եմ Ձեզ, այսօր շատ անասուններ վարակված են: Առավոտյան ժամը 5-ին Գումի շուկա գնալիս կտեսնեք Խորհրդային արտադրության մեքենաներով տեղափոխվող սատկած կենդանիների միսը»:
Սննդի անվտնագության տեսչական մարմինն այս հայտարարությունը չի մեկնաբանում: Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ բրուցելիոզ հիվանդության դեպքեր կան միայն Քարագլուխ համայնքում, որտեղ ընդհանուր գլխաքանակի հազիվ 1 տոկոսն է: Կա նաև բրուցելիոզով վարակված մեկ ընտանիք: Մարզպետարանն, ըստ պաշտոնյայի, քայլեր է ձեռնարկում վարակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ:
«Մեր մարզը տարանցիկ շրջան է, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերից գալիս են մեր բարձրադիր արոտները: Մենք այդտեղ ստուգումներ ենք իրականացրել, Արարատի ու Արմավիրի կա հիվանդություն, և դրա դեմը պետք է առնենք: Մենք արգելելու ենք մեր մարզի ճանապարհով դրանց տեղափոխումը»:
Իսկ ամենամեծ խնդիրը Գեղարքունիքի մարզի անասնաշուկայի անկառավարելի վիճակն է՝ ասում է մարզպետարանի պաշտոնյան. անասունների առքն ու վաճառքն իրականացվում է առանց սեփականության, անասնաբուժական հետազոտության փաստաթղթղերի:




