ԿարևորՔաղաքական

Հայաստանի ու ԵՄ հարաբերությունները գերազանց են. Սվիտալսկի

Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները գերազանց են, այսօր նման հայտարարություն է արել Երևանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Թույլ տվեք կրկնել այն, ինչ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասաց Երևանում․ մեր գնահատականն է՝ ներկայում Հայաստանի հետ ունենք գերազանց հարաբերություններ:

Բոլոր այն գործոնները, որոնք սովորաբար հաշվի են առնում՝ գնահատելու հարաբերությունների մակարդակը, թույլ են տալիս խոսել նման հարաբերությունների մասին:

Նախևառաջ, մենք ունենք շատ ինտենսիվ ու բարեկամական քաղաքական երկխոսություն՝ բարձրագույն մակարդակից սկսած: Խոսեցի նախագահ Տուսկի հայաստանյան այցելության մասին, որը շատ կարևոր իրադարաձություն էր: Վարչապետ Փաշինյանն այցելել է Բրյուսել, Հայաստանի արտգործնախարարն ու Եվրամիության պաշտոնյաները մի քանի հանդիպումներ են ունեցել, տարբեր մակարդակների համար նախատեսված տեխնիկական առաքելություններ են այցելել Հայաստան և, ի վերջո, Բրյուսելում բազմաթիվ երկխոսություններ են կայացել», — նշել է Սվիտալսկին:

Ըստ դեսպանի՝ Հայաստանի ու Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը իրականացման փուլում է:

«Մենք էականորեն մեծացրել ենք Հայաստանի զարգացման համար նախատեսված ֆինանսական աջակցությունը: Ինչպես տեղյակ եք, Հայաստանը ստացել է 25 միլիոն եվրո, այսպես կոչված, հովանավոր ֆոնդի շրջանակում, և այդ ֆոնդը հայեցողական ֆոնդ է, որը նախատեսված է բացառապես բարեփոխումների իրականացման համար: Հայաստանը կարող է հպարտանալ, որ իր՝ հովանավոր ֆոնդի չափն ավելի մեծ է, քան Վրաստանի դեպքում: Սա նշանակություն ունի: Հովանավոր ֆոնդի չափը նշանակում է վերջին շրջանում Հայաստանի իրականացրած բարեփոխումների ճանաչում: Մասնավորապես, խոսքը գնում է անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին: Սակայն միայն այդ մասին չէ խոսքը: Եթե այս ամենը միասին դիտարկենք, կարող ենք ասել, որ Եվրոպական Միության ու Հայաստանի միջև համագործակցությունը ճիշտ ուղու վրա է», — ասել է Սվիտալսկին

Դիվանագետը հայտարարել է՝ Բրյուսելը պատրաստակամ է աջակցել հայաստանյան դատական բարեփոխումներին, սակայն ամենևին մտադիր չէ Երևանին պարտադրել իր օրակարգը կամ թե ինչ եղանակով բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում:

Դեսպանի խոսքով՝ Բրյուսելը պատրաստակամ է նշանակալից ֆինանսական աջակցություն ցուցաբերել դատական բարեփոխումների գործում՝ անհապաղ աջակցություն, որը պատրաստ կլինի արդեն այս աշնանը, և բազմամիլիոն աջակցություն՝ գալիք 3-4 տարիների համար:

Սվիտալսկին նաեւ ներկայացրել է ԵՄ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Դեսպանը վստահեցրել է, որ ԵՄ դիրքորոշումը հարցի առնչությամբ չի փոխվել:

«Եվրամիությունը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է դեպանը:

«Թույլ տվեք վերահաստատել, որ ԵՄ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է նույնը: Եվ սա այն դիրքորոշումն է, որը հիմնված է մի շարք հիմնարար սկզբունքների վրա: Առաջին հերթին մենք հավատացած ենք, որ որևէ ռազմական լուծում չկա այս հակամարտությանը, այն միայն խաղաղ ճանապարհով կարող է կարգավորվել: Երկրորդը մենք մեծապես սատարում ենք Մինսկի խմբի գործողություններին»,-նշել է Սվիտալսկին:

Կարդացեք նաև

Back to top button