ԿարևորՀասարակություն

Քրդերի բնաջնջումը՝ Անկարայի քաղաքականության անբաժան մաս

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Մի քանի օր է թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցնում Իրաքյան քրդստանի վարչական տարածքում գտնվող Մախմուր բնակավայրի եւ սիրիական Իդլիբի մարզում գտնվող Սինջար քաղաքի ուղղությամբ։ Ավիահարվածի մասին պաշտոնապես հայտարարել է նաեւ Թուրքիայի ռազմական գերատեսչությունը, որպես հիմնավորում նշելով, որ այդ տարածքներում են թաքնվում քրդական աշխատավորական կուսակցությանը հարող զինյալներ։  

Մախմուրը Հյուսիային Իրաքում գտնվող բնակավայր-ճամբար է, որտեղ ապաստան են գտել Թուրքիան լքած քրդերը: Այն մոտ է Հյուսիսային Քրդստանի մայրաքաղաք Էրբիլին, եւ գտնվում է ՄԱԿ-ի հովանու ներքո: Այս գիշեր թուրքական ռազմաօդային ուժերը հարվածել են Մախմուրի ուղղությամբ, որտեղ, ըստ թուրքական կողմի, թաքնվում են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները, կամ էլ կուսակցության գաղափարախոսությանը հավատարիմ մարդիկ:

Ավիահարվածների հետեւանքով, սակայն, երեք անմեղ մարդ է զոհվել, ոչ թե ինչպես թուրքերն են ձեւակերպում՝ քուրդ զինյալներ: «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, հավելելով, որ սա թուրքերի կողմից իրականացվող դավադիր ծրագիր է, որի նպատակը մեկն է՝ բնաջնջել քուրդ ժողովրդին:

«Մենք դատապարտում ենք այս երեւույթը, որ թուրքական իշխանությունները այս պատրվակի տակ ոչնչացնում են անմեղ քուրդ ժողովրդին: Եվ գալիս ենք եզրակացության, որ թուրքերի համար անմեղ քուրդ գոյություն չունի, այլ կա քուրդ, որոնց պետք է ոչնչացնել, եւ շարունակում են իրենց ցեղասպան ծրագիրը»,- նշում է Կնյազ Հասանովը:

Հայաստանում բնակվող քրդերն այսօր կոչ են անում միջազգային հանրությանը՝ մի կողմ թողնելով սեփական շահը եւ տեսնել, թե ինչպես է Էրդողանը խախտելով միջազգային բոլոր չափորոշիչներն ու նորմերը, մուտք գործում մեկ այլ երկրի վարչական տարածք, թիրախային ավիահարվածներ հասցնում, սպանում անմեղ կանանց, երեխաների եւ անպատիժ մնում:

Չնայած դրան, ըստ Կնյազ Հասանովի, թուրքական կողմի ցանկացած հարձակում ստանում է համարժեք պատասխան լեռներում ապաստանած քրդական ուժերի կողմից, սակայն տեղի ունեցածում տարօրինակն այն է, որ քուրդ բնակչության սպանությունը տեղի ունենում Հյուսիսային Քրդստանի ղեկավարության թողտվությամբ եւ իմացությամբ: Հասանովը շեշտում է՝ քրդերն այսօր համախմբվածության կարիք ունեն։ «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը անգամ այս ամենում դավաճանություն է տեսնում:

«Թե ովքեր են քուրդ դավաճաները (գործակալները) մենք շատ լավ գիտենք: Քուրդն առաջվա քուրդը չէ: Եվ այսօրվա քուրդը չի կարող հանդուրժել իր իսկ սեփական դավաճանի գործելոճը: Իսկ թե ինչի համար են դավաճանում՝ փողի, սեփական իշխանության: Հյուսիսային Իրաքում բնակվող քրդերը նույնպես հասկացել են, որ իրենց ղեկավարները բիզնես շահերից ելնելով համագործակցում են Էրդողնի հետ եւ աչք փակում սեփական ժողովրդին ոչնչացնելու նրանց ծրագրերին: Կոչ ենք անում տարածաշրջանի երկրների չհամագործակցել գործակալ քրդերի հետ: Քրդական գործակալները շատ վտանգավոր են, եւ մենք պատրաստ ենք պայքարել»,- ասում է Սլո Դրբոյանը:

Վերադառնալով երեկ գիշերվա ավիահարվածներին, ինչպես նկատում է РИА Новости-ն, դրանք հետևել են իրաքյան Էրբիլում թուրք դիվանագետների սպանությանը, որն էլ, սակայն, ըստ Հայաստանում բնակվող քրդերի, ոչ մի աղերս չունի սպանված թուրք հյուպատոսի հետ:

Կարդացեք նաև

Back to top button