ԿարևորՀասարակություն

Սա պայքար էր նաև կոռուպցիայի դեմ. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Իջևանում տեղի ունեցած դեպքերի մասին: Նա ասել է, որ իրենց հաջողվել է առանց լուրջ դժվարությունների որևէ զիջում չանել անօրինականությանը՝ նշելով, որ մարդիկ երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ իրականացրելով են բիզնես ստեղծել :

«Ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ, թողտվության պայմաններում, կարող են շարունակել իրենց անօրինական բիզնեսը: Մեր մոտեցումը միանշական էր և անդրդվելի` անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ: Ոչ մի զիջում անօրինականությանը։

Որևէ անօրինական պահանջ չի կատարվել: Մեր միակ պահանջն այն էր, որն իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար, և ես ինքն էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ընթացակարգերը կրկին պարզեցնենք:

Վաղվանից կառաջարկենք մարզի տարբեր ծրագրերում առկա աշխատատեղերի վերաբերյալ համապատասխան հարցազրույցներ և պատրաստ ենք այդ աշխատատեղերի մասով պայմանագրեր կնքել այն մարդկանց հետ, որոնք անօրինական անտառհատման արգելանքի պատճառով այսօր աշխատանքային խնդիրներ ունեն, սակայն իրենք ևս պետք է պատրաստակամ լինեն:

Այսօրվա օրը դաս էր մեզ համար: Հասկացանք, որ մենք մեր տնտեսության մեջ ավելի ուշադիր լինելու և մեր ընթացակարգերը պարզեցնելու խնդիր ունենք: Սա նաև կոռուպցիոն մեխանիզմի դեմ էր, սա պայքար էր կոռուպցիայի դեմ»,- ասել է Չոբանյանը:

Երեկ երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջևանում ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը փակած փայտի գործով զբաղվող ցուցարարների և ոստիկանների միջև: Բախումների հետևանքով տարբեր վնասվածքներով Իջևանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 13 անձ՝ տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը : Ավելի ուշ ճանապարհը բացվել էր:

Ցուցարարների հետ բանակցել են Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Տավուշի մարզպետը խոստացել է կատարել նրանց պահանջը՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը գինը իջեցնել 6000-ի։

Կարդացեք նաև

Back to top button