ԿարևորՀասարակություն

Անասունները փքվում են առվույտից

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզում անկած խոշոր եղջերավոր անասունների լաբորատոր հետազոտության արդյունքները հայտնի կդառնան  2 օրից: Փքված անասուններին գյուղացինեըը հարկադիր մորթի են ենթարկել, մինչև սատկելը և միսն օգտագործել կամ վաճառել:  Սննդի անվտանգության ծառայության մասնագետները մորթված անասունների մսի մեջ վտանգ չեն տեսնում, եթե այն ենթարկվել է փորձաքննության և պիտակավորվել:

Անցած շաբաթվա վերջին  օրերերին Սևանա լճի տարբեր կողմերում իրար հաջորդող  անասունների անկումը մտավախություն առաջացրեց, որ անասունները թունավորվել են Սևանա լճից: Անկած անասուններից նմուշառումներ են արվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որի պատասխանը կլինի մոտ օրերս: Այս մասին տեղեկացրեց  սննդի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը.

«Շուտ չի լինի, էնպես չի, որ մի ցուցանիշով է, մանրէաբանության ամբողջ ցանկն անում են, որպեսզի հավաստիանան,  իրոք,  որևէ խնդիր գոյություն չունի»:

Սևանա լճի առափնյա  5 գյուղում՝ Կարմիրգյուղում, Կարճաղբյուրում, Ծովինարում, Ծափաթաղում և Արտանիշում  անկել էր մոտ 40 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության  և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը ենթադրում է, որ անասունները թունավորվել են  ծաղկած  վայրի առվույտի արածումից.

«Վայրի առվույտը ծաղկման շրջանում գազեր առաջացնող թունավոր բաներ է արտադրում, ուտելուց հետո, երբ ջուր է խմում՝ արագանում է էդ պրոցեսը»:

Խոշոր եղջերավորների անկումը կապված չէ նաև վարակիչ հիվանդությունների հետ, այս մասին հավաստիացնում է սննդի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային  կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանը:

«Պատվաստումները կատարվում են  վիրուսային հիվանդությունների դեմ, որից սատկում են իրենք, ասենք՝ սիբիրախտ, դաբաղ: Դաբաղից, խշխշան պալարից կենդանին չի ուռում, եթե չի պատվաստվել: Կենդանու ուռչելը միայն բուսկանությունից է, կանաչից»:

Արշակ Էլիզբարյանը  տեղեկացրեց, որ մարզում հուլիսի սկզբից տեղումների քանակն  ավելացել է և արոտի բուսականությունը թաց է, իսկ թաց առվույտն ուտելիս կենդանիները փքվում են: Սա մասնագիտական եզրակացություն է: Սննդի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի ղեկավարը բացառեց  կանաչած Սևանա լճի գործոնը, որտեղից ջուր են խմում խոշոր եղջերավորները՝ մեջբերելով  Ծովինար գյուղի  օրինակը.

«90 կենդանի ջուր է խմել Սևանից, բայց սատկել է 5-ը, 90 -ն էլ խմել էին, չէ՞, էդ ջրից, դե ուրեմն նշանակում է 90-ն էլ պետք է ուռեին, դնեին մորթեին»:

Փքված կենդանիների մի մասն անասնատերերը մորթել են մինչև սատկելը, իսկ միսը վաճառել: Արդյոք թույլատրելի է այդ մսի վաճառքն ու վտանգավոր չէ օգտագործման համար, Ռադիոլուրի հարցին Արշակ Էլիզբարյանը պատասխանեց՝ փորձաքննությունից հետո ոչ մի խնդիր:

Մսի վաճառքի թույլտվությունը  տալիս են փորձաքննություն իրականացնող գրանցված անհատ ձեռներեցները, որոնք մսից նմուշառում են վերցնում և առողջ լինելու վերաբերյալ պիտակ տալիս: Մարզային կենտրոնի 12 տեսուչը չի կարող վերահսկել  մարզի բոլոր բնակավայրերում մորթվող անասունների բակային վաճառքը:

Խոշոր եղջերավորների անկման մեջ Գանձակ գյուղի նախկին համայնքի ղեկավար, Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ  Վանիկ Հարությունյանը մեղադրում է անասնապահներին և անասնաբույժներին.

«Այստեղ անասնաբույժների խնդիրն է հիմնականում,  և անասնապահների: Անասնաբույժները, գիտենք, զգոն են, տիրապետում են, ուղղակի պիտի իրազեկեն անասնապահներին, որ ցողը վրեն չարածացնեն, հետո,  էդ պահից հետո՝ չջրեն, որոշակի ժամանակ անցնի, ընդհանուր առմամբ, ստամոքսի պարունակյալը փոխվի: Սարերում էլ է էդ փքվածությունը լինում, հանդում էլ, ծովի առափնյա հատվածում էլ»:

Վանիկ Հարությունյանն առաջարկեց նաև անձրևոտ եղանակին և վայրի առվույտի ծաղկման ընթացքում անասուներին գոմում պահել, կերակրել չոր խոտով, որպեսզի խուսափեն անկումից:

Սևան ազգային պարկի  և  պահպանման գոտու ֆլորան  հարուստ է բազմաթիվ բուսատեսակներով, խոտաբույսերով և էնդեմիկ բույսերով, որոնց մի մասը գրանցված է Հայաստանի  կարմիր գրքում: Ազգային պարկի պահպանվող տարածքում անասունների արածացումն արգելված է, բայց Սևանի ավազանի բնակավայրերի բնակիչներն ափամերձ անտառներն  ու կանաչ տարածքներն օգտագործում են որպես անասունների արոտավայրեր:

Կարդացեք նաև

Back to top button