
Լեզվի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում «մոտ» բառի սխալ գործածության մասին հորդարակ է տարածել:
«Մոտ» կապը թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում հաճախադեպ է: Այս բառի գործածության սխալների մասին խոսվել է տարբեր առիթներով, սակայն կոմիտեն անհրաժեշտություն է տեսնում դրանց կրկին անդրադառնալու։
Ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի»՝ մոտ-ը նշանակում է՝ կողքին, կողքը, ոչ հեռավոր, մտերիմ, գրեթե, մոտավորապես, ներկայությամբ, հարակից և այլն։
Ներկայացված հիմնական դեպքերերից մեկը հետևյալն է.
«Մոտ» բառն ավելորդ է, գործածվում է անհարկի։
Օրինակ.Առայժմ դա նրանց մոտ չի հաջողվում:
Հաղթողների մոտ տրամադրությունը միշտ էլ բարձր է:
Այս նախադասություններում ամեն բան տեղը կընկնի, եթե մոտ-ը չգործածվի.
Առայժմ դա նրանց չի հաջողվում:
Հաղթողների տրամադրությունը միշտ էլ բարձր է:
Նախադասությունը սխալ է ձևակերպված։ Այսպես.
Խաղից դուրս վիճակ է արձանագրել մրցավարը հարձակվողի մոտ:
Միս ուտելուց հետո այդ տեսակիշների մոտ նյարդային համակարգը խանգարվում է։
Փորձի պակաս կա երիտասարդ մասնագետների մոտ:
Հարձակվողի մոտ խաղից դուրս վիճակ արձանագրել նշանակում է նրա մոտ կանգնած արձանագրել, որ ֆուտբոլիստը խաղից դուրս է։Նյարդային համակարգի խանգարումը ոչ թե շների մոտ է, այլ նրանք ունենում են այդ խանգարումը։ Իսկ երրորդ նախադասությունը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չի էլ զգում։
Պետք է լիներ այսպես.
Մրցավարն արձանագրել է, որ հարձակվողը խաղից դուրս վիճակում է:
Միս ուտելուց հետո այդ տեսակիշների նյարդային համակարգը խանգարվում է։
Փորձի պակաս ունեն երիտասարդ մասնագետները։
Այդպես էլ սխալ են.
Հիվանդների մոտ լինում է գլխացավ։
Ինձ մոտ սրտխառնոց է առաջանում։
Այս մտքերը պետք է ձևակերպվեն այսպես.
Հիվանդները գլխացավ են ունենում։ Ես սրտխառնոց եմ ունենում։




