
Հուլիսի 11-ին նշվում է աշխարհի բնակչության համաշխարհային օրը։ Մեր երկրում այս տարի առաջին անգամ առանձին մարզերում մահերը գերազանցել են ծնունդները։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեպոպուլյացիայի գործընթացը կարող է խորանալ։
1990 թվականին գրանցվել է 57 900 դրական բնական հավելաճ։ Այսինքն՝ այդքան ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել։ 2018 թվականի տվյալներով՝ բնական հավելաճը կազմել է 11 900։ Սակայն նախորդ տարի առաջին անգամ Հայաստանում՝ Լոռու մարզում արդեն գրանցվել է բացասական բնական հավելաճ, ցուցանիշը՝ մինուս 90։ Մյուս երկու խնդրահարույց մարզերը Տավուշն ու Վայոց Ձորն են եղել։ Տավուշում նախորդ տարի ընդամենը 32 ծնունդ է գրացվել, իսկ Վայոց Ձորում՝ 147։
2019 թվականի առաջին եռամսյակի տվյալներով արդեն հինգ մարզում է գրանցվել բացասական հավելաճ։ Առաջատարը Լոռին է՝ մինուս 121, հաջորդում են Շիրակը՝ մինուս 112, Սյունիքում՝ մինուս 67, Տավուշում՝ մինուս 61 և Վայոց Ձորում՝ մինուս 10։ Մեկ մարզում ցուցանիշը զրո է՝ 332 ծնված ու մահացած անձ։ Իսկ ծնունդների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արմավիրի մարզում՝ բնական հավելաճը պլյուս 121 է ։
2017 թվականին վերարտադրողական վարքագծի մասին հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում երիտասարդ ընտանիքները ցանկանում են ունենալ երեք երեխա, սակայն իրականում ունենում են մեկը կամ երկուսը։ Երիտասարդները մատնանշել են աշխատանքով ապահովված լինելու խնդիրը, ռիսկերը, որ երեխա ունենալը բացասաբար կազդի ընտանիքի բարեկեցության վրա։




