
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Հայաստանի հանրապետությունը, ներգրավված լինելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին, չի կարող որևէ գործողություններ անել, որոնք համակարգված չլինեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:
Այս մասին Ստեփանակերտում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Այսուհետ Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունները կանցկացնեն կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Խորհրդակցությունների համապատասխան պլանը ստորագրվել է այսօր Ստեփանակերտում։ Արարողությունից հետո Զոհրաբ Մնացականյանն ու Մասիս Մայիլյանը պատասխանել են լրագրողներին հարցերին։

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունները համագործակցության հուշագիր ունեին, ստորագրված փաստաթուղթը հարաբերությունները տեղափոխում է գործնական ու ինստիտուցիոնալ դաշտ: Էությունը մեկնաբանում են Մասիս Մայիլյան ու Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանի արտգործնախարարը պարզաբանեց բանակցություններում ՀՀ դիրքորոշումը, հերթական անգամ շեշտեց Արցախի մասնակցության կարևորությունը:
ՀՀ կառավարությունը լիազորված չէ ներկայացնել Արցախի ժողովրդին։ Այն ունի իր ընտրված իշխանությունները. հերթական անգամ շեշտեց Մնացականյանը:
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանը նշում է, որ ՀՀ իշխանությունների բանակցություններում ունեցած մոտեցումները Արցախում կիսում են և շեշտում, որ Արցախը միշտ էլ պնդել է բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման վրա:

Անցած մեկ տարում Արցախի՝ բանակցությունների սեղանին միանալու հարցում առաջընթաց եղե՞լ է, թե՞ ոչ. հարցին նախարար Մնացականյանը պատասխանեց.
«Եթե մենք եկանք, եւ սպասում էինք, որ անմիջապես այդ հարցը պետք է լուծվի, միջուցե չափազանցնում էինք մեր ակնկալիքները»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Այսօր նախարարը հանդիպել է նաև Արցախում բնակվող փախստականների հետ: Հանդիպումը փակ էր:




