ԼուրերԿարևորՀասարակություն

Սանիթեք-քաղաքապետարան «զգուշավոր» հակամարտությունը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր հայտնի դարձավ, որ «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Դատական տեղեկատվական համակարգում: Քաղաքապետարանի դեմ ներկայացված հայցով ընկերությունը պահանջում է քաղաքապետարանից մոտ 25 մլն դրամի գումար բռնագանձել:

«Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերության հայցադիմումն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի վարույթ է ընդունվել հուլիսի 1-ին եւ մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին: Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվությունից իմանում ենք, որ դատական հայցադիմումով «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Երեւանի քաղաքապետարանին ընկերությանը վճարել 25 միլիոն դրամ:

Այս գործով որպես երրորդ անձ է ներգրավվել «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը, որտեղից փորձեցինք ճշտելու հայցադիմումի մանրամասները: «Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը, սակայն, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այս փուլում որեւէ մեկնաբանություն չեն պատրասվում անել:

«Որովհետեւ իրավական տեսանկյունից արգելանքներ կան եւ իրավապահներն իրավասություն չեն տալիս ինչ-որ մեկնաբանություն անելու: Երբ որ հնարավոր կլինի, իրենք՝ իրավաբանները պատրաստակամ կպատասխանեն բոլոր հարցերին: Այս փուլում ոչ մի մեկնաբանություն չունենք»:

Ի պատասխան մեր հարցադրումների՝ «Սանիթեքի» ներկայացուցիչն ասաց միայն, որ պահանջը, որով ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Երեւանի քաղաքապետարանի դեմ, վերաբերում է 65 մլն դրամին, որով վերջին երեք ամիսների ընթացքում տուգանվել է «Սանիթեք» ընկերությունը:

Քաղաքապետարանի դեմ ներկայացված «Սանիթեք ինթերնեշընըլի» դատական հայցի վերաբերյալ չեն շտապում պարզաբանումներ տալ, կամ՝ մեկնաբանություններով հանդես գալ նաեւ Երեւանի քաղաքապետարանից:  Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ միայն տեղեկացրին, որ «Սանիթեք ինթերնեշընըլ»-ի ներկայացրած դատական հայցի մասին Երեւանի քաղաքապետարանում արդեն տեղյակ են: Այս փուլում քաղաքապետարանի իրավաբաններն արդեն ծանոթանում են հայցի մանրամասներին: Այս փուլում ներկայացված դատական հայցի մանրամասներին ծանոթանալուց հետո միայն Երեւանի քաղաքապետարանը կձեւավորի իր դիրքորոշումը եւ այն, օրենքով սահմանված կարգով, նաեւ կհրապարակի:

Երեւանի քաղաքապետարանի եւ «Սանիթեք» ընկերության, այսպես ասած, ջրերն արդեն բավականին ժամանակ է, որ մեկ առվով չեն ընթանում: Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն եւ փոխադարձ մեղադրանքներ, նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից «Սանիթեքի» նկատմամբ կիրառվող տուգանքներ:

Աշխատանքային հերթական խորհրդակցություններից մեկի ժամանակ էլ  քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես, ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն, ընկերությունը պետք է կատարի պայմանագրից բխող պարտավորությունները:

«Երբ ընկերությունը եկել է Երևան աղբահանություն կազմակերպելու համար, ինքը ամեն ինչ տեսել է և սկսել է աշխատանքներն ըստ պպայմանագրի: Ձեր որոշումն էր՝ մտնել այդ գործի մեջ, թե՝ ոչ: Որոշել եք գործառույթն իրականացնել՝ իրականացրեք: Եթե ինչ-որ ընդհատակյա պայմանավորվածություններ են եղել նախկին իշխանությունների հետ, դա ձեր խնդիրն է, մեր խնդիրը չէ: Ոչ Երևանը, ոչ բնակչությունը, ոչ էլ ներկա իշխանությունը ընդհանրապես կապ չունեն այդ պայմանավորվածությունների հետ: Եվ մեզ համար կա մի պայմանավորվածություն, դա պայմանագիրն է և այդ պայմանագրի ներքո մենք պետք է աշխատենք: Քաղաքապետարանը պայմանագրով նախատեսված բոլոր իր պարտականությունները կատարում է, դեռ ավելին»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, համայնքը իրավասու է չկատարված կամ թերի կատարված աշխատանքների դեպքում ընկերությանը ենթարկել տույժ ու տուգանքների: Հերթական որոշումն էլ կայացվեց ապրիլին: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն էլ այն ժամանակ հայտարարեց.

«Այս պահին խոսքը տույժի մասին է՝ թերացման և չկատարված աշխատանքների, ամեն ուշացված օրվա համար 0,5% պայմանագրի գումարից: Համաձայն խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, գումարային առումով տուգանքի գումարը կկազմի 12-13 մլն դրամ: Որոշումը կայացված է, տուգանքը փաստաթղթավորվում է, ընկերությանն իր մարտ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 13 մլն դրամով պակաս»:

Այսպես, վերջին երեք ամիսներին Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեքին»  տուգանեց մի քանի անգամ, ընդհանուր՝ 65 մլն դրամ գումարի չափով՝ վկայակոչելով պայմանագրային թերացումներն ու չկատարած աշխատանքները: Ըստ էության, այդ ամենի հետ համաձայն չլինելով էլ «Սանիթեք» ընկերությունը որոշել է դիմել դատարան: Ինչպիսի՞ ընթացք կստանան «Սանիթեք»-Երեւանի քաղաքապետարան դատարան տեղափոխվող հակասությունները՝ արդեն պարզ կլինի առաջիկայում:

Back to top button