

Երեք տարվա ընթացքում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը արդեն երկրորդ անգամ անցկացվելու է Հայաստանում:
Խաղի դիտելիության առումով Ռուսաստանից հետո առաջնային դիրքերում է Հայաստանը, սակայն հայերը ոչ միայն հաճույքով դիտում են, այլև հաճույքով խաղում ու մեծ հաջողություններ արձանագրում:
Երկու օրից նախատեսված առաջնությանը կազմակերպիչները մեծ ակնկալիքներ ունեն հայկական թիմերից:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը երկու օրից Հայաստան կբերի աշխարհի 26 երկրից 400 մասնակցի: Երկու տարի առաջ խաղին մասնակցում էր 50 թիմ 24 երկրից, այս տարի թիմերի թիվը հասնում է 65-ի: Երկու տարվա ընթացքում խաղի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվել է: Դրանով հետաքրքրված են ոչ միայն ԱՊՀ երկրներն, այլև ՄՆ-ները, Կանադան, եվրոպական մի շարք երկրներ: Առաջին անգամ նման առաջնություն Հայաստանում անցկացվել էր երկու տարի առաջ: Այս տարի կրկին Երևանում առաջնությունը կազմակերպելը պայմանավորված է Երևանի 2800 ամյակով՝ ասում է Կազմկոմիտեի համակարգող, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը.
«Մենք ուզում էինք, որ 2800 ամյակին Երևանը դիտարկվի ինտելեկտուալ մայրաքաղաք: Սա մեր նվերն է: Մենք ուզում ենք, որ մեր մայրաքաղաքը դառնա ինտելեկտուալ առաջնության կենտրոն»:
Խաղի առաջնության կազմկոմիտեի համանախագահ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ խաղին 4 հայկական թիմ է մասնակցելու, ակնկալիքները հայկական թիմերից մեծ են ասում է.
«Այն մարդիկ, ովքեր ուզում են ինքնակրթվել ու զարգանալ, պետք է հնարավորություն ունենան: 4 հայկական թիմ է մասնկցելու նաև Ստեփանակերտի թիմն է մասնակցելու: Սպասում են՝ բարձր արդյունքներ հայկական թիմերից, հատկապես «Առագաստ» թիմից, որը Վրաստանում հաղթանակ է տարել»:
Լավագույն նվերը գիրքն է՝ այդպես եղել է նաև նախկին առաջնություններին ու ավանդույթը պահպանվում է: Գերմրցանակներ չեն սահմանվում: Հայաստանում նախատեսված առաջնությունը կարևորվում է նաև ազդեցիկ դեմքերի ծանրակշիռ մասնակցությամբ:
Ինչ արդյունք կարձանագրեն հայկական թիմերը կարևոր է, սակայն խաղի անցկացման փաստն առավել կարևոր է, քանի որ այն Հայաստանը դարձնում է ճանաչելի, նպաստում նպաստել նաև ինտելեկտուալ տուրիզմի զարգացմանը: Կազմակերպիչներն ասում են, որ խաղը պետք չէ կապել քաղաքական գործընթացների հետ, կարևորում են, որ նոր իշխանությունները բյուջետային աջակցություն տրամադրեն խաղի անցկացմանը նաև հաջորդ տարի:




