
Լուսանկարները ՝ Ստրահովյան վանքի կայքից
Ամասիա Հովհաննիսյան
«Ռադիոլուրի» համար- Պրագայից
Պրագայի Ստրահովյան վանքի պատկերասրահը Չեխիայում հնագույններիցն է: Վանքի հավաքածուի համբավը 18-րդ դարից է: Իսկ 1834 թվականին աբբատ Զեյդլերը որոշում է կանոնակարգել հավաքածուն և կազմում է պահուստի կատալոգը: Կատալոգի կազմման ժամանակ վանքում եղել է մոտ 400 գեղանկար: Ժամանակի ընթացքում դրանց թիվը շարունակաբար աճել է՝ ի հաշիվ հարուստ ազնվականների նվիրատվությունների, ինչպես նաև վանականներն իրենք էլ են նպատակային գնումներ կատարել: 19-րդ դարի սկզբին այստեղ արդեն պահվելիս է եղել մոտ 1000 գեղանկար։

Վանքի հավաքածուի հիման վրա 20-րդ դարում ստեղծվել է պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են 14-ից 19-րդ դարերի լավագույն ստեղծագործություններից: Ստրահովյան վանքի պատկերասրահի մշտական ցուցադրությունը պայմանականորեն բաժանված է մի քանի մասի. 14-ից 19-րդ դարերի գեղանկարչություն և քանդակագործություն, Ռուդոլֆ Բ-ի ժամանակների նկարներ, Ֆլամանդական գեղանկարչություն, իտալական գեղանկարչություն, Կենտրոնական Եվրոպայի նկարիչների գործեր: Բարոկկոյի ու ռոկոկոյի ժամանակների ցուցանմուշները գրավում են բոլոր նրանց, ովքեր գնահատում են գեղեցիկը:

Ի դեպ, Ստրահովյան վանքի գրադարանում պահվում է հայերեն մի ձեռագիր՝ ,,Ստեփանյան Քերականություն,,- ը, գրված 1726 թվականին Ստանիսլավում: Ըստ որում, այդ ձեռագրի մասին հիշատակեց Մատենադարանի ավագ գիտաշխատող Դավիթ Ղազարյանը, որը մասնակցում էր հոկտեմբերի 8-ին Պրագայի Ստրահովյան վանքի գրադարանի Աստվածաբանական դահլիճում ,, Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգևոր արվեստը և երաժշտությունը միջնադարյան ձեռագրերում,, վերնագրով ցուցահանդեսի բացմանը: Բացմանը ներկա էին Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ , Պրագայի արքեպիսկոպոս , կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավճյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Հայր Վահանը, Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը,Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են Մատենադարանի մի քանի ձեռագրերի բնօրինակներ և պատճեններ: Ցուցադրված է նաև 3 ձեռագիր՝ Վիեննայի Մխիթարյան միաբանությունից, 2 ժապավենաձև հմայիլ Բասմաճյանի փարիզյան մասնավոր հավաքածուից : Այդ նմուշներն, ընդահանուր առմամբ, պատկերացնում են հայ հոգևոր մշակույթը՝ մասնավորապես, մանրանկարչությունն ու երաժշտությունը:

Ցուցահանդեսի այցելուներից Հելենա Պասիչնան ասում է, որ այդ ցուցահանդեսն իր համար հնարավորություն էր ծանոթանալ Քրիստոնեության ակունքներում կանգնած Հայաստանի հինավուրց մշակույթին: Ցուցահանդեսը հետաքրքիր ու ճանաչողական է: Պասիչնան իր ծանոթներին անպայման խորհուրդ է տալու այցելել այս ցուցահանդեսը:
Այն գործելու է մինչև նոյեմբերի 5-ը:




