Քաղաքական

ՀՀ- ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները հասել են եզրագծին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր Երևանում ամփոփվեցին ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստի արդյունքները: Նշենք, որ բանակցություններում հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը, Եվրամիության կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Նրանք զգալի առաջընթաց արձանագրեցին այսօր կայացած նիստում:

Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ եռամյա բանակցությունների արդյունքում համաձայնագրի բոլոր գլուխները համաձայնեցված են։
Ամենայն հավանականությամբ՝ այս փաստաթուղթը կնախաստորագրվի մինչ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ-երկրների գագաթաժողովը:
Ինչպես նշեց հայ դիվանագետը, սպասվում է նաև ընթացակարգային փուլ, որը կարող է տևել մի քանի ամիս։
Հաջողությամբ ընթանում են նաեւ Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող Հայաստանի եւ ԵՄ միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները, որոնց հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլին Երեւանում:

Փոխատգործնախարարը կարևրորեց այն հանգամանքը, որ Հայաստանի ներքին բարեփոխումների և ասոցացման օրակարգերը փոխկապակցված են: Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ հայ-եվրոպական հարաբերությունները հիմնվում են համընդհանուր արժեքների վրա, որոնք արտահայտվում են Հայաստանում ԵՄ նորմերի և ստանդարտների կիրառման հարցում:
Իսկ ահա ԵՄ կողմից գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը  անդրադառնալով Հայաստանում համաձայնագրի կիրառմանը, նշեց, որ սա հավակնոտ ձեռնարկ է, արտացոլում է պաշտոնական Երևանի կամքը եւ հասարակության ձգտումները: 

Եվրոպացի պաշտոնյան երկկողմ բանակցությունները բնութագրեց որպես երկար ճանապարհ, որը մոտենում է իր եզրագծին: Եթե ամեն ինչ  ընթանա ըստ ծրագրի, ապա համաձայնագիրրը նախատեսվող նախաստորագրումից հետո պայմանականորեն կկիրառվի 2014 թվականից:
Սրանով ԵՄ-ն կատարում է Արևելկյան հարևանության երկրներին տված իր խոստումները տնտեսական, քաղաքական ինտեգրացիայի վերաբերյալ, այդ թվում և Հայաստանի մասով, նշեց պարոն Վիգանդը։
Նա ն
շեց, որ զուգահեռաբար նման բանակցություններ են տարվում Մոլդովայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ: Վերջինիս պարագագայում, համեմատած այլ երկրների հետ, ավելի քիչ առաջընթաց է արձանագրվել:

Back to top button