

Հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզի 16 համայնքից 11-ում հերթական ընտրություններ են լինելու, 5-ում՝ արտահերթ: Համայնքի ղեկավարի հերթական ընտրունություններում ինքնառաջադրվել են նաև գործող համայնքների ղեկավարները: Միայն Էջմիածնում գրանցվել է 14 թեկնածու, որից 2 կին:
ՏԻՄ հերթական ընտրություններին 9- համայնքում համայնքի ղեկավար են ընտրելու, իսկ 2-ում՝ ավագանի: Արտահերթ ընտրություններ տեղի կունենա 6 համայնքում: Արմավիրի մարզի թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2 դեպքում էլ ավարտվել են թեկնածուների գրանցումները և ձևավորվել տեղամասային ընտրական հանձնաժողովները:
Արմավիրի մարզի համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում դարձյալ առաջադրվել են գործող համայնքների ղեկավարները, նրանք բոլորն էլ ՀՀԿ անդամներ են եղել, սակայն նոր իրողության պայմաններում հրաժարվել են ՀՀԿ անդամակցությունից և ընտրություններում ինքնաառաջադրմամբ գրանցվել են անկուսակցականներ: Միայն Ծաղկունք համայնքի գործող ղեկավար Դավիթ Կարապետյանն է մնացել ՀՀԿ անդամ: ՀՀԿ-անդամատոմսից հրաժարվել և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն է անդամակցել 2007 թվականից Ջրաշեն համայնքը ղեկավար Խաչատուր Դավթյանը: Արմավիրի մարզում արտահերթ ընտրությունները պայմանավորված են համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հրաժարականներով, բացի Խանջյան համայնքից, որի ղեկավարը մահացել է:
Էջմիածնում համայնքի ղեկավարի պաշտոնի հավակնորդներն աննախադեպ շատ են, 14 թեկնածու, որից 2 կին՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ անդամ Դիանա Գասպարյանն ու անկուսակցական Սուսաննա Մարգարյանը: Քաղաքապետի թեկնածուներից միայն Սերգեյ Սարգսյանն է Լուսավոր Հայաստան կուսակ ցության անդամ և առաջադրվել է կուսակցության կողմից, մյուսները՝ ինքնառաջադրմամբ: Դալարիկի համայնքի ղեկավարի թեկնածուների թվում է նաև հրաժարական տված և համայնքը 19 տարի ղեկավարած Պարգև Սաղաթելյանը: Գրանցվել է 4 թեկնածու, այդ թվում նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ անդամ Սիրաք Սարգսյանը:
Հայթաղում հրաժարական տված գյուղապետը չի առաջադրվել, 5 թեկնածուի թվում է համայնքի ղեկավարի անկուսակցական պաշտոնակատարը:
Արմավիր քաղաքում գրանցվել է 4 թեկնածու, այդ թվում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանը, ավագանու գործող անդամ Օհան Հարությունյանը:
ՏԻՄ ընտրություններին 3 համայնքում ընտրելու են ավագանի: Բաղրամյանում և Շենավանում հերթական ընտրություններ են , Նորակերտում ՝ արտահերթ:
Նորակերտում ավագանու 9 անդամից 5 հրաժարական էր ներկայացրել: Թերևս այն պայմանավորված են եղել համայնքի ղեկավարի դեմ բողոքի ցույցերով: Ավագանու 9 տեղի համար գրանցվել է 17 թեկնածու, նարնց թվում է նախկին ավագանու 5 անդամ:




