ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է, նա կբանակցի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել է, որ կփորձի պարզել գործընկերների տեսակետը՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ:
«Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ես հրաժարական կտամ, և իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի՝ պարզապես մարդկանց չգրգռելու համար, որովհետև երբ ես հրաժարական տված լինեմ, ու իրենք թեկնածու առաջադրեն, դա մարդկանց կբորբոքի: Ես հույս ունեմ, որ մեր գործընկերներն իրավիճակը ճիշտ կգնահատեն», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե համաձայնագիր կստորագրե՞ն, որ մյուս քաղաքական ուժերը վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Նիկոլ Փաշինյանը պաստասխանել է, որ վատ չի լինի նաև համաձայնագիր ստորագրել:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման միջոցով խորհրդարանի բակում գտնվող ցուցարարներին հորդորել է խաղաղ ակցիա իրականացնել. «Եթե խորհրդարանի որևէ պատգամավոր շենքից դուրս կգա և կցանկանա տարածքը լքել, ճանապարհ բացե՛ք և առանց որևէ վիրավորանքի, առանց որևէ տհաճության թողե՛ք, որ մարդիկ անցնեն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևից խորհրդարանի տարածք են մուտք գործել Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները։ Մի քանիսը նույնիսկ փորձել էին մտնել ԱԺ շենք, սակայն «Ելք» խմբակցության պատգամավորները նրանց թույլ չէին տվել։ Մինչև խորհրդարան մտնելը Փաշինյանը քաղաքացիներին հորդորել էր ոչ մի դեպքում չմտնել ԱԺ շենք։