ՄիջազգայինՎերլուծական

Էյֆորիան անցել է, մնացել է անվստահությունը. արաբագետը Իրաքի Քրդստանում ընտրությունների մասին

լուսանկարները՝ kurdistan.ru- ի

Հյուսիսային Իրաքում՝ Քրդստանում, սեպտեմբերի 30-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ: Պատգամավորական մանդատի համար պայքարել է 709 թեկնածու 28 կուսակցությունից, բայց հիմնական մրցակցությունն ընթացել է Բարզանի եւ Թալաբանի ընտանիքների միջեւ: Հայ համայնքի 6 ներկայացուցիչ նույնպես մասնակցել է ընտրություններին:

 

Քրդստանը ձեւավորում է նոր խորհրդարան, բայց, ըստ նախնական տվյալների, ավանդույթը չի խախտվի, եւ խորհրդարանում մեծամասնություն կկազմեն Բարզանիներն ու Թալաբանիները:

Պատգամավորի թեկնածու Էդգար Աբրահամյանը «Ռադիոլուրին» ասում է՝ Բարզանիները լիահույս են, որ այս խորհրդարանում կրկին կունենան մեծամասնություն, քանի որ ընտրողները, չնայած վերջին շրջանում երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությանը, շարունակում են վստահել Բարզանի ընտանիքը ներկայացնող 72- ամյա դեմոկրատական կուսակցությանը։

Վերջնական արդյունքները Բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովը կհրապարակի  72-ժամվա ընթացքում, բայց մինչ այդ ընտրախախտումների վերաբերյալ արդեն կան հայտարարություններ: «Ասում են քիչ են խախտումները, բայց եթե կան երկու մեծ կուսակցություններ, ապա միշտ մեղադրանքներ լինում են, բայց այդքան մեծ չեն: Թալաբանիի կուսակցությունն արդեն հայտարարել է, որ եղել են խախտումներ»:

Օրենսդիրում իր ներկայության մասին Էդգար Աբրահամյանը նույնպես վաղ է համարում կանխատեսում անել: Միայն փոխանցեց, որ 6 հայ է մասնակցել ընտրություններին, որը մեծ թիվ է:

Ըստ ընտրական կանոնակարգի, հայ համայնքի ներկայացուցիչը խորհրդարանում անկախ  պատգամավոր է, բայց ներկայացնում է որեւէ քաղաքական ուժ: Հարկ է նշել, որ հայ համայնքի ներկայացուցչի ընտրության համար քվեարկում են ոչ միայն հայերը: «750-800 հայ ունի ընտրելու իրավունք, ու խորհրդարանի անդամ կլինի այն թեկնածուն, ով կստանա թեկուզ մեկ քվե ավելի, քան՝ մյուսը»,- ասում է Էդգարը:

Քրդստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթ  օրը որոշում կայացրեց, որ զինվորականները չեն լինելու ընտրատեղամասերում, իսկ որ ընտրատեղամասում լինեն զինվորականներ, ապա այդ տեղամասի քվեարկությունն անվավեր է ճանաչվելու:

«Քոյա» կուսակցությունը, որն իրականացնում է դիտորդական առաքելություն, հայտարարել է, որ ընտրատեղամասերում առկա են զինվորականներ և զինված անձինք, ովքեր ազդում են ընտրատարածքային հանձնաժողովների անդամների վրա։

Պատգամավորի թեկնածուն նշում է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն այդքան էլ մեծ չէր, իսկ թե ինչով էր վերջինս պայմանավորված՝ Էդգարը չկարողացավ պարզաբանել: Արաբագետ Արմեն Պետրոսյանը ընտրություններին մասնակցության ցածր  ցուցանիշը պայմանավորում է տարածաշրջանային զարգացումներով եւ ներքրդական խնդիրներով: Արաբագետը հիշեցնում է, թե ինչ էյֆորիա էր տիրում երկրում նախորդ տարի՝ հանրաքվեից հետո, այսօր ամեն ինչ անցել է, մնացել է անվստահությունը՝ ասում է արաբագետը:

Էդգար Աբրահամյանը նշում է, որ Քրդստանում հայ համայնքի մեծագույն խնդիրը հայապահպանությունն է: «Եթե պատգամավոր ընտրվեմ, ապա հիմնական գործս լինելու է հայապահպանությանն ուղղված քայլերի իրագործում»,- ասում է Զախոյում բնակվող մեր հայրենակիցը:

Back to top button