

Գյումրիի ամենակոլորիտային դեմքերից մեկը՝ Սամվել Մուրադյան: Եթե անունը ձեզ ոչինչ չի ասում, կարող ենք հավելել՝ հայտնի ֆայտոնչի Գրիշի թոռը: Մի քանի արհեստ ունեցող ու Ռուսաստանի տարբեր քաղաքներում բախտը փորձած 65-ամյա Սամվել Մուրադյանն այսօր քաղաքի զբոսաշրջիկներին սպասարկող ամենապահանջված անձն է։ Գյումրի այցելող ոչ մի հյուր, զբոսաշրջիկ նրա ֆայտոնի ու ձիերի կողքով անտարբեր անցնել չի կարող: Քաղաքի միակ ֆայտոնչին այսօր տարակուսանքի մեջ է՝ իրենից հետո արդյո՞ք որևէ մեկը կշարունակի պապից ժառանգած գործը: Ալիսա Գևորգյանի անդրադարձը:
Գյումրիի կենտրոնական հրապարակում ենք, բարձր երաժշտություն ու թվում է՝ վաղուց ծանոթ դեմքեր: Տեղացիներից տարբերվող դեմքերը հիմնականում ֆայտոնի հերթում են կանգնած: Քաղաքի ամենակոլորիտային դեմքն իր ֆայտոնով ու ձիերով՝ Սամվել Մուրադյանն է՝ հայտնի ֆայտոնչի Գրիշի թոռը: Հրապարակում մենք էլ մի պտույտ ենք գործում ֆայտոնով ու զրուցում պապի գործը շարունակող ֆայտոնչի Սամվելի հետ:

Պապի՝ Գրիշի հայտնի ֆայտոնն այսօր թանգարանում է՝ Ձիթողցյանների տանը: Հնուց մնացած մի քանի ֆայտոնն էլ Ռուսթավելի փողոցում գտնվող սեփական տան բակում են: Դրանք գանձեր են, հիշողություններ սիրելի պապիկից, ում կերպարն առ այսօր աչքի առաջ:

Ֆայտոնը մաշվել է, ձիերին պահելն էլ դժվար է, տարվա մեծ մասը միայն ուտել են ուզում՝ առանց աշխատանքի, բայց միևնույն է՝ ֆայտոնչու գործը չի թողնելու: Երկրաշարժից հետո ինչ ասես, որ չփորձեց, Ռուսաստանի հեռավոր քաղաքներն էլ հասավ, բայց հասկացավ, որ իրենը հարազատ քաղաքում ֆայտոն քշելն է
Ով է Գյումրիում քշել առաջին ֆայտոնը, Սամվել Մուրադյանը դժվարանում է նշել: Հարցին հարցով է արձագանքում. «Կըրնա՞ք ըսել, թե ով է քշել առաջին մերսեդեսը»: Նրա համար ֆայտոնի պատմությունը սկսվել է Գրիշ պապի հանրահայտ ֆայտոնից, որը բազմաթիվ ֆիլմերում է «անմահացել»:

Ֆայտոնչի Սամվելի հետ զրույցն ավարտում ենք հարցով՝ ինչ է այսօր պահպանվել հին Գյումրու համ ու հոտից: «Համ ու հոտ չի մնացել, մարդկային հարաբերությունները շատ են փոխվել»:
«Փոխարենը՝ ռեստորաններն են լավացել, Գյումրու փողոցներում վերջին տարիներին ասֆալտն է ավելացել: Չէ, լավ բաներ էլ կան, չեմ ուրանում»,- ասում է ֆայտոնի հերթական շրջանին պատրաստվող վարպետ Սամվելը:




